Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի շուրջ չկարողացան համաձայնության գալ:

Դրա մասին ԵՄ Խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քայա Կալլասը։

Ըստ նրա՝ ԵՄ երկրների միջև Ուկրաինային նոր օգնություն հատկացնելու համար լայն քաղաքական աջակցություն կա, սակայն կան բազմաթիվ մանրամասներ, որոնք պետք է մշակվեն, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Կալլասը հավելել է, որ հույս ունի մոտ ապագայում այս հարցում առաջընթաց ունենալ։

Ավելի վաղ Կալլասը հանդես էր եկել Ուկրաինային 20-40 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու նախաձեռնությամբ, որը պետք է ներառի 2025 թվականին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների մատակարարում, ինչպես նաև ուկրաինական ռազմական բրիգադների պատրաստում և հանդերձավորում։ Բացի դրանից, նախատեսվում է մոտ 5 միլիարդ եվրո արժողությամբ 2 միլիոն հրետանային արկերի մատակարարում։