«Միասնական Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ցեդը ռեզոնանսային հայտարարություն է արել թափառող շների խնդրի արմատական​​լուծման անհրաժեշտության մասին։ Իր Telegram-ալիքում նա առաջարկել է դրանք օգտագործել օճառ արտադրելու համար՝ վկայակոչելով մի պրակտիկա, որն իբր գոյություն է ունեցել ԽՍՀՄ-ում։ «Յուրաքանչյուր թափառող շուն՝ տեր ունեցող կամ առանց տիրոջ, ատամնավոր զենք է, որը կարող է կրակել ցանկացած պահի»,- գրել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով՝ թափառող շները, հատկապես երբ ոհմակներով են, վտանգ են ներկայացնում, որը գերազանցում է գայլերի վտանգը։ «Խորհրդային տարիներին խնդիրը լուծվում էր պարզապես թափառող շներից օճառի գործարաններում լվացքի օճառ արտադրելով»,- ավելացրել է նա։ «Միասնական Ռոսիա»-ն ընդգծել է. «ժանիքավոր եւ ատամնավոր՝ տեր ունեցող կամ առանց տիրոջ, կենդանին չպետք է վտանգ ներկայացնի բնակչության համար»։

Ամենաբարձր կարգի անասնաբույժ Միխայիլ Շելյակովը «Ռիդուս» պարբերականի մեկնաբանությունում բացատրել է, որ արդյունաբերական օճառի արտադրության մեջ շան ճարպի օգտագործումը երբեք սովորական պրակտիկա չի եղել: «Միգուցե նմանատիպ կենդանական ծագման օճառ կա, բայց այն արդեն ձեռագործ է, հենդ-մեյդ»,- ասել է փորձագետը։

Բացի այդ, Շելյակովը նշել է, որ թափառող կենդանիների ոչնչացումը չի հանգեցնի նրանց թվաքանակի նվազման։ Ընդհակառակը, գիտական ​​հետազոտություններն ապացուցում են, որ պոպուլյացիայի կտրուկ նվազումից հետո տեսակը սկսում է արագ վերականգնվել։

«Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Կա գիտական ​​փաստ՝ կենդանիների ոչնչացումից հետո նրանց պոպուլյացիայի կտրուկ աճ է նկատվում։ Սա բնական մեխանիզմ է, որն ապացուցված է։ Նույնիսկ ծննդաբերությունն ավելի բազմակի է դառնում։ Ուստի միայն ստերջացում եւ վերադարձ. մենք, իհարկե, պետք է կարգավորենք շների քանակը, բայց ոչ սպանելով»,- ընդգծել է Շելյակովը։