Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Պեկինը դիտարկում է պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Global Times-ը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Չինաստանը դիտարկում է խաղաղապահ առաքելության շրջանակում Ուկրաինա զորք մտցնելու հնարավորությունը, Ցզյակունն ասել է, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
Նա, մասնավորապես, ավելացրել է, որ Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայում լայնածավալ պատերազմի վերաբերյալ մնում է «հետեւողական եւ միանշանակ»։
Արժե պարզաբանել, որ վերջերս արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստանն իբր դիտարկում է Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը միանալու հնարավորությունը։ Մասնավորապես, Բրյուսելը կարծում է, որ համապատասխան սցենարը կօգնի Ռուսաստանին ստիպել վերանայել իր վերաբերմունքը խաղաղապահների նկատմամբ։





























