Գյումրիի «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում, դեկտեմբերի 27-ին, տեղի կունենա պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում կառուցված 4 սենյականոց բնակարանների առաջին վիճակահանությունը:

«Շիրակ կենտրոնը» դիտարկելու եւ տեսաձայնագրելու է վիճակահանությունների ամբողջ ընթացքը:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ թեեւ անօթեւան ընտանիքներին բնակարանների փաստաթղթային հատկացումն ընթացիկ տարում տեղի է ունեցել, սակայն 2011 թ. նախատեսված 1756 բնակարանների շահագործումը հետաձգվել է 2012 թվական:

Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 եւ 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել: 

Ավելացնենք նաեւ, որ «Շիրակ կենտրոնը» Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի դրամաշնորհային օժանդակությամբ, «Աղետի գոտու անօթեւանների իրավունքների պաշտպանություն, 2010-2011 թթ. բնակարանաշինության եւ բնակարանների բաշխման գործընթացում հրապարականության ապահովում եւ մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրել է Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարանների հատկացման գործընթացի դիտարկում: