Այս շաբաթ Փարիզի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան կարողացել է պայմանավորվել եվրոպացի գործընկերների հետախուզական տվյալների և զինամթերքի պահեստների հասանելիության, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության արտոնագիր ստանալու շուրջ։

Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ Ֆրանսիայի կողմի հայտարարած 2 միլիարդ եվրոյով Ուկրաինայի համար նոր պաշտպանական փաթեթից բացի, բոլոր առաջնորդների հետ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի համար լրացուցիչ պաշտպանական օգնության կարևոր փաթեթների վերաբերյալ, հաղորդում է УНИАН-ը։

Այդ հարցի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ կհայտարարվեն ապրիլին «Ռամշտայն»-ի ձևաչափով հաջորդ հանդիպման ժամանակ։

«Դրա կազմակերպման պատասխանատվությունը կրելու են Մեծ Բրիտանիան և Գերմանիան»,- նշել է Զելենսկին։

«Մենք պայմանավորվեցինք շտապ հանդիպում անցկացնել Ուկրաինայում՝ գլխավոր շտաբների ներկայացուցիչների նեղ շրջանակում, առայժմ հիմնական երկրները, որոնք 100%-ով պատրաստ կլինեն Ուկրաինայի տարածքում զորախումբ հատկացնելուն: Սկզբում ոչ բոլորը կգան:

Մենք հրավիրում ենք նեղ շրջանակի: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան անպայման այնտեղ կլինեն»,- նշել է նա: