Ինչպե՞ս պետք է զարգանա փոքր բիզնեսը, եթե հարկային մարմիններն այն ճնշում եւ խեղդում են առաջին իսկ ամիսներից եւ այդ ճնշումն առավել խստանում է Ամանորի տոներից առաջ: Այս խնդրին է անդրադառնում անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյանը, երկրի վարչապետին ուղղված իր բաց նամակում:
Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը:
«Պատմությունը մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսին բազմիցս իշխանությունների կողմից հնչեցրած «պետական աջակցության» մասին է:
Եվ այսպես, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2011 թ. հունիսին Հասմիկ Ավագյան անհատ ձեռներեցը գեղեցկության սրահ է բացում: Ձեռներեցը մեկ միլիոն վարկ է վերցնում գործը սկսելու` սրահը կահավորելու եւ վերանորոգելու համար: Նա ամսական պետական բյուջե է սկսում վճարել 120 հազար դրամ (որի մեծ մասը հաստատագրված եւ աշխատողների սոցիալական հարկն է): Սրահը աշխատում է վնասով, ձեռներեցն իր գրպանից գումարներ է ներդնում: Ձեռներեցը ձեւակերպում է բոլոր փաստաթղթերը` հարկային դաշտում ճիշտ աշխատելու համար: Առավել եւս, որ բացման օրվանից սկսած ամեն ամիս պարտադիր հարկային տեսուչները գալիս են սրահ խախտումներ գտնելու ակնկալիքով: Հանձնարարվում է ՀԴՄ կտրոնները հաճախորդներին տրամադրել միշտ, առավել եւս որ անիմաստ է թաքցնել 3% շրջանառության հարկը:
Տոներից առաջ, դեկտեմբերի 8-ին Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության պետը Հանձնարարագիր է տալիս ԱՁ-ն ստուգելու համար: Հարկ է նշել, որ այս հանձնարարագրով ստուգման ժամկետը սահմանափակվում է 10 աշխատանքային օրով։ Հարկայինից երեք անգամ «հատուկ հաճախորդ» են ուղարկում սրահ, նա օգտվում է ծառայություններից, ստանում ՀԴՄ կտրոն եւ հեռանում: Այս նույն «հատուկ հաճախորդը» գալիս է նաեւ չորրորդ անգամ, դեկտեմբերի 22-ին, երբ ստուգման ժամկետն արդեն ավարտված էր։ Ձեռներեցն այդ օրը սրահում չի լինում, հաճախորդը օգտվում է ծառայությունից, գալիս է ՀԴՄ կտրոն տպելու պահը, հաճախորդն ասում է ,պետք չի» ու հեռանում… անմիջապես ներս են մտնում հարկային տեսուչները եւ ահա` ծագում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու հարկային խախտում, որի պատիժը 150 հազար դրամ է: Համապատասխան գրառում է արվում հարկայինի համակարգչում, գրառումը գնում է նախարարություն` պատիժն անդառնալի է:
Ձեռներեցը չի կարող հասկանալ համակարգի տրամաբանությունը, միթե նա կարող էր կիսանկուղային, նորաստեղծ սրահում աշխատելով այնքան հարկերից խուսափել, որ հարկային մարմինը հենց իրեն պատժելու համար Հանձնարարագիր տար: Այդ որքա՞ն 3%-ից գոյացող հարկ պետք է թաքցվեր: Բավական չէ, որ վեց ամիս արդեն հարյուրավոր հազար դրամ իր գրպանից է տալիս, որ փորձի ոտքի կանգնեցնել այս փոքր բիզնեսը:
Ի՞նչ տրամաբանությամբ է հարկային տեսչությունը Հանձնարարագիր տալիս ստուգելու մի գեղեցկության սրահ, որն աշխատում է ընդամենը վեց ամիս, որը հաճախորդ հավաքելու եւ այլ բազմաթիվ խնդիրներ ունի: Հարկային տեսչության պետի խոսքով այս կազմակերպությունն «ըստ համակարգչի» հայտվել է ռիսկային դաշտում, քանի որ ծախսերն ավելի շատ են, քան շրջանառությունը: Իսկ համակարգիչը պաստկերացնո՞ւմ է, որ նորաստեղծ գործն անմիջապես չի կարող փակել իր ծախսերը, եւ այդ գործը զարգացնելու համար ներդրումներ են պետք սեփական գրպանից: Համակարգիչը հասկանո՞ւմ է արդյոք, որ գեղեցկության սրահի հիմնական հարկային պարտավորությունը 3% շրջանառության հարկից չէ որ ծագում է: Այդ որքան հարկ պետք է թաքցվեր, որ իր ստուգման համար Հանձնագիր տրվեր:
Այս փոքր բիզնեսը 5 աշխատատեղ էր ստեղծել եւ ամսական 120 հազար դրամ հարկ էր վճարում: Ձեռներեցը հույս ուներ, որ մի օր եկամուտ կունենա, իսկ այս պայմաններում հնարավոր է, որ փակի իր գործը. ի՞նչ իմաստ ունի գործ սկսել, մեկ միլիոն վարկ վերցնել, կորստով աշխատել, հետն էլ 150 հազար դրամ տուգանք վճարել... Դե համակարգիչը թող այժմ հաշվի, հարկային տեսչության պետի հետ միասին, թե ինչպես է տարեկան մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ կորցնում բյուջեն: Թող հաշվի նաեւ այն, որ եւս 6 մարդ` ձեռներեցը եւ հինգ աշխատակից կհամալրեն գործազուրկների բանակը:
Միթե այլ, ավելի մեծ ծավալների հարկ թաքցնողներ չկան, որ հարկային մարմինը հետապնդում է նորաստեղծ խղճուկ բիզնեսները: Այսպես չէ արդյոք հիասթափություն առաջանում եւ արտագաղթի ճանապարհ բացվում: Միթե սա է մեր իշխանության մանր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու «պետական աջակցության» քաղաքականության տրամաբանությունը»:




























