Միացյալ Նահանգները չի ստորագրի Սումիի ուղղությամբ ռուսական բանակի հարվածը դատապարտող «Մեծ Յոթնյակի» հայտարարությունը, գրում է Bloomberg-ը։
Դոնալդ Թրամփի վարչակազմն իր որոշումը բացատրում է նրանով, որ ցանկանում է շարունակել բանակցությունները Կրեմլի հետ, հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ ԱՄՆ նախագահի վարչակազմը դա անվանում է «խաղաղ բանակցությունների համար տարածք պահպանելու աշխատանք», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ինչպես նշում է Bloomberg-ը, բանաձևի տեքստի նախագծում որպես օրինակ բերվել է ռուսական հրթիռային հարվածը Սումիին, որի հետևանքով զոհվել է 35 մարդ, ինչը ներկայացվել է որպես օրինակ, որ Մոսկվան տրամադրված է ոչ թե խաղաղության, այլ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակման։
Միաժամանակ, առանց Միացյալ Նահանգների ստորագրության, G7-ը չի կարողանա ընդունել խմբային բանաձև՝ Կանադան դրա մասին արդեն տեղեկացրել է G7-ի իր գործընկերներին, գրում է Bloomberg-ը։ Յուրաքանչյուր երկիր ունի միայն սեփական հայտարարություն անելու հնարավորություն։





























