Հերթական հինգշաբթի, այսօր` դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստի օրը բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Քաջարան գյուղի հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենայի ընկերությանը տալու կառավարության որոշման: Նշենք, որ ըստ այդ որոշման, Սյունիքի մարզի 6 գյուղերի պատկանող հողերի տարածքում պետք է հանք ստեղծվի:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 627-Ն «չարաբաստիկ» որոշումը, ըստ որի 6 գյուղերի 600 հեկտար հողեր տրվելու է հանքարդյունաբերության ընդլայնմանը, իսկ գյուղերը դատարկվելու են:
«Օտարանալու է հայ մարդն իր հողից: Դրա համար, տեսնում եք, գնալով շատանալու ենք, հեծանվորդներ են միանալու մարզերից եւ այլն: Սա է մեր պահանջը, բայց սա միայն մեր խնդիրը չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է, որովհետեւ Քաջարանը իմն էլ է, իրենցն էլ է, բոլորինն է»,-ասաց ակտիվիստուհին:
Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանինն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղը ոչ ոքի չեն տալու: Խոսքը 131 ընտանիքի, 270 բնակիչի մասին է: «Ժողովրդին տնից հանում են, բայց մենք տեղ չունենք գնալու: Իրենց տունը, գերեզմանը ո՞ւր թողնեն գնան, որտե՞ղ գնան: Հիմա ես այդ գյուղում եմ մեծացել, ընտանիք ստեղծել, թոռներս այնտեղ են, գերեզմաններս այնտեղ են, իմ տեղն այնտեղ է: Այն էլ սահմանամերձ գյուղ է»,- հիմնավորեց Ռաֆիկ Աթայանը:
Ի դեպ, նա նշեց, որ գյուղապետի պաշտոնից իր հրաժարականը դեռ չեն հաստատել, բայց ընթացքի մեջ է: Ակցիային ներկա էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ եկել են աջակցելու է բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր պատրաստ են տեր կանգնել հայրենի բնությանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների կոչը հետեւյալն էր.«Միասին ենք` հաղթող ենք, անջատ են` պարտվող ենք»: Կառավարությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին նախագահի նստավայր նույն պահանջը բարձրաձայնելու այնտեղ:




























