Տրանսբևեռային հոսընթացի վերաբերյալ նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Արկտիկայի նյութերի ուղիները կլիմայի փոփոխության պայմաններում պատրաստ են մեծ տեղաշարժերի: Գիտնականները վախենում են, որ դա վտանգի տակ է դնում փխրուն բևեռային էկոհամակարգերը, հատկապես, երբ կլիմայի փոփոխությունն արագանում է: Դրա մասին գրում է PHYS.org-ը։

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի ղեկավարած միջազգային հետազոտությունը տրամադրում է ամենահստակ պատկերը, թե ինչպես է գործում հիմքում ընկած տրանսպորտային համակարգը, որը հայտնի է որպես Տրանսբևեռային հոսընթաց (Transpolar Drift), գրում է Фокус-ը: Գիտնականները նաև բացահայտել են Արկտիկայի այս խոշոր մակերևութային հոսանքը վերահսկող տարբեր գործոններ, ներառյալ գլոբալ տաքացումը, որը կարող է մեծացնել մարդու ստեղծած աղտոտիչների տարածումը:

Այսպիսով, գիտնականները կարողացել են նաև լույս սփռել աներևակայելի փոփոխական և կլիմայի նկատմամբ զգայուն ուղիների վրա, որոնցով Սիբիրյան գետերից նյութերը շարժվում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով: Արդյունքներն, ըստ թիմի, նոր մտահոգություններ են առաջացնում աղտոտիչների աճող տարածման և փխրուն բևեռային էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, քանի որ կլիմայի փոփոխությունն արագանում է:

Տրանսբևեռային հոսընթացը ծովի սառույցը, քաղցրահամ ջուրը և կախված նյութը տեղափոխում է Սիբիրյան ծանծաղուտներից կենտրոնական Արկտիկայի միջով դեպի հյուսիսային ծովերին միացող Ֆրամ նեղուց: Հայտնի է նաև, որ այս հոսքն ազդում է տարբեր բնական նյութերի, դրանց թվում՝ սննդանյութերի, գազերի օրգանական միացությունների, ինչպես նաև մարդածին աղտոտիչների, ներառյալ՝ միկրոպլաստմասսայի, ծանր մետաղների առաքման վրա:

Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ, Բրիստոլի համալսարանի քիմիական օվկիանոսագիտության գծով Մարի Կյուրիի գիտաշխատող դոկտոր Ջեորդի Լաուկերտի՝ նյութն ազդում է Արկտիկայի կենսաերկրաքիմիայի և էկոհամակարգերի վրա, մինչդեռ քաղցրահամ ջուրը փոխում է օվկիանոսի շրջանառությունը:

Միևնույն ժամանակ, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն ինքնին շատ փոփոխական միջավայր է. սովորական հունի փոխարեն գետային նյութերը շարժվում են տարբեր և սեզոնային փոխվող ուղիներով, որոնք ձևավորվում են շելֆերի փոփխվող պայմանների և օվկիանոսի հոսանքների, ինչպես նաև ծովային սառույցի ձևավորման, շեղումների և հալման արդյունքում: Ցավոք սրտի, դա կհանգեցնի ինչպես բնական, այնպես էլ աղտոտող նյութերի արագ և համատարած վերաբաշխման:

Եվս մի կարևոր հայտնագործություն է Տրանսբևեռային հոսընթացի երկայնքով ձևավորված ծովային սառույցի էական դերը: Պարզվել է, որ այն ամենևին էլ «պասիվ տրանսպորտային միջոց» չէ, այլ, ավելի շուտ, ցրման օրինաչափությունների ձևավորման ակտիվ գործոն։ Արդյունքները ցույց են տալիս, որ ծովի սառույցը նյութը բազմաթիվ գետերի աղբյուրներից գրավում է աճի փուլում՝ ստեղծելով հսկայական տարածություններով տեղափոխվող բարդ խառնուրդներ: