Վանաձորում, այսօր` դեկտեմբերի 29-ի վաղ առավոտից ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկել քաղաքի փողոցներում մասնավոր անձանց կողմից մսի վաճառքն արգելելու համար:
Մասնավորապես, Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում, որտեղ ամեն տարի նախատոնական շրջանում մարզի տարբեր գյուղերի բնակիչներն իրենց մորթված անասունների միսն են բերում վաճառելու, այսօր այդ նույն տեղում վաճառքն արգելել են, պատճառաբանությամբ, որ նշված վայրը վաճառքի համար հարմար տեղ չէ, պայմանները հակահիգիենիկ են: Այս մասին պատմեցին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած վաճառականները: Նրանք փաստում են նաեւ, որ միշտ էլ նշված հատվածում իրենք միս վաճառել են, իսկ այս տարի արգելվում է անհայտ պատճառներով:
Մսավաճառների պնդմամբ, իրենք մսամթերքի հետ ունեն բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: «Ոստիկանությանն էլ ցույց տվեցինք, նայեցին, տեսան որ բոլորիս մոտ ամեն ինչ օրինական է ու թղթերը հետ տվեցին»,-ասում է վաճառողներից մեկը:
«200 կգ միսը բարձել եկել ենք, 50-60 կմ ճամփա ենք անցել ու հիմա չգիտենք հետ տանենք, թե ինչ անենք»,-ասաց ջրաշենցի մի երիտասարդ: Մեկ այլ վաճառող էլ փաստեց, որ առաջին հերթին գնորդն է իրենցից փաստաթուղթ պահանջում, ու չկա որեւէ քաղաքացի, որ առանց համապատասխան փաստաթղթերը նայելու փողոցից միս գնի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման ոլորտը համակարգող բաժնի պետ Ազատ Իսպիրյանը նշեց, որ խնդիրը միայն այսօր չի առաջացել: «Մսի, կաթնամթերքի վաճառքի դեմ փողոցներում, մայթերում մենք միշտ ենք պայքարել, ուղղակի վաճառողները մի քանիսն են եղել, հետո երբ արգելել ենք, մայթերից ու փողոցներից տեղափոխվել են շուկա, այս նախատոնական օրերին արդեն միս վաճառողները շատ են, դրա համար էլ այսպիսի հնչեղություն ստացավ»,-պարզաբանեց Ազատ Իսպիրյանը:
Նա նաեւ նշեց, որ շուկայում այդ մարդկանց համար հատկացրել են տարածք, որտեղ մսամթերքի վաճառքը հսկողության տակ կլինի, բայց անհայտ պատճառներով, մարդիկ չեն ուզում տեղափոխվել այդտեղ:
Իսկ գյուղացիների այն պնդմանը, ըստ որի, իրենք ունեն ուղեկցող փաստաթղթեր, Ազատ Իսպիրյանը պատասխանեց, որ դա միայն գյուղապետի ստորագրությամբ մի գրություն է, որտեղ նշված է, որ մորթված անասունը տվյալ համայնքին է պատկանել, սակայն դա մսի որակը գնահատող փաստաթուղթ համարել չի կարելի: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, փողոցային առեւտրի դեմ պայքարը նոր չի սկսվել, պարզապես այս օրերին միս իրացնողներն ավելի շատ են, ու քաղաքապետարանը պայքարում է, որպեսզի առեւտուրը սահմանափակվի շուկայի ու խանութների մեջ:




























