Սպիտակ տան հրամանի նախագծով Պետդեպարտամենտի արմատական վերակառուցում է առաջարկվում, ներառյալ Աֆրիկայում նրա գրեթե բոլոր գործողությունների վերացումը և այդ մայրցամաքում դեսպանատների և հյուպատոսությունների փակումը, գրում է The New York Times-ը:
Նախագիծը նաև նախատեսում է կրճատել Պետդեպարտամենտի կենտրոնակայանի բաժանմունքները, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության և փախստականների, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով:
Գործադիր հրամանի նպատակը, որը կարող է ստորագրվել նախագահ Թրամփի կողմից այս շաբաթ, Պետդեպարտամենտի «կարգապահ վերակազմավորում» իրականացնելն է և «առաքելությունների կատարման օպտիմալացումը»՝ «վատնումները, խարդախությունները և չարաշահումները» կրճատելով, ասվում է պարբերականի տրամադրության տակ եղած 16 էջանոց հրամանի նախագծի պատճենում:
Ենթադրվում է, որ դեպարտամենտը փոփոխությունները կիրականացնի մինչև հոկտեմբերի 1-ը: Ծրագրերին ծանոթ ԱՄՆ-ի ներկայիս և նախկին պաշտոնյաների վկայությամբ, հրամանի ստորագրումը կուղեկցվի ինչպես մասնագետ դիվանագետներին, այնպես էլ նախարարության կենտրոնական գրասենյակի պետական ծառայողներին աշխատանքից հեռացնելու փորձերով:
Ըստ նրանց, դեպարտամենտը կսկսի մեծ թվով աշխատողների ուղարկել վճարովի արձակուրդի և աշխատանքից ազատման ծանուցումներ ուղարկել: Հրամանագրի նախագծով նախատեսվում է վերացնել սկսնակ դիվանագետների համար դիվանագիտական ծառայության անցնելու քննությունը և աշխատանքի ընդունման նոր չափանիշներ սահմանել, այդ թվում՝ «նախագահի արտաքին քաղաքականության տեսլականին համապատասխանելը»:
Նախագծում ասվում է, որ նախարարությունը պետք է զգալիորեն ընդլայնի արհեստական բանականության օգտագործումը փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև «քաղաքականության մշակման և վերանայման» և «գործառնական պլանավորման» համար:
Գործադիր հրամանի տարրերը դեռ կարող են փոխվել մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրումը:
Առաջարկվող վերակազմավորումը թույլ կտա ազատվել տարածաշրջանային գրասենյակներից, որոնք օգնում են քաղաքականություն մշակել և ներդնել աշխարհի մեծ մասերում:
Փոխարենը, ասվում է նախագծում, այդ գործառույթներն իրականացնելու է չորս կորպուս. Եվրասիական կորպուսը, որը բաղկացած է Եվրոպայից, Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից. Մերձավոր Արևելքի կորպուսը, որը կազմված է արաբական երկրներից, Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից, Լատինական Ամերիկայի կորպուսը, որը բաղկացած է Կենտրոնական Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան ավազանից և Հնդկ-խաղաղօվկիանոսյան կորպուսը, որը կազմված է Արևելյան Ասիայի, Հարավարևելյան Ասիայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Նեպալի, Բութանի և Մալդիվների ներկայացուցիչներից: Առաջարկվող ամենաարմատական փոփոխություններից մեկը կլինի Աֆրիկայի գործերով գրասենյակի վերացումը, որը քաղաքականություն է իրականացնում Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում:




























