ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխարհի բազմաթիվ առաջնորդներ եւ գործարարներ Վաշինգտոնին խնդրում են նվազեցնել մաքսատուրքերը։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է կիրակի Truth Social սոցցանցում։

«Մեր կողմից ազատագրման օրվա հայտարարումից հետո համաշխարհային շատ ղեկավարներ եւ բիզնես-ղեկավարներ դիմել են ինձ՝ խնդրելով իջեցնել մաքսատուրքերը»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ «նրանք պետք է շտկեն» նախկին սխալները։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի «վերականգնել իր հարստությունը» եւ «ստեղծել իսկական փոխադարձություն» առեւտրային հարաբերություններում։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտել էր 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այդ ցուցակում չկա։ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Միեւնույն ժամանակ, ապրիլի 9-ին Թրամփը հայտնել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների եւ տարածքների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Սպիտակ տունը բացատրել է, որ դադարը կապված է առեւտրային բանակցությունների հետ։ Այս ընթացքում կգործի 10 տոկոս ունիվերսալ սակագինը։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 125 տոկոս։ Նախկինում սահմանված 20 տոկոս մաքսատուրքից՝ Կանադայի, Չինաստանի եւ Մեքսիկայի կառավարությունների կողմից ԱՄՆ մաքսանենգության դեմ պայքարելու համար իբր անբավարար ջանքերի պատճառով, Չինաստանից ապրանքների ընդհանուր մաքսատուրքն այժմ հասնում է 145 տոկոսի։