Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հսկայական 3400-ամյա քաղաքի ավերակներ, որը կառուցվել է Նոր թագավորության օրոք, հավանաբար Թութանհամոն փարավոնի հոր կողմից: Այնուհետեւ այն ավարտին է հասցրել Ռամզես II փարավոնը: Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում, գրել է Live Science-ը։

Հնագետները Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայից 43 կիլոմետր արեւմուտք՝ Միջերկրական ծովի ափի մոտ, նախկինում անհայտ բնակավայրի ավերակներ են հայտնաբերել, գրել է «Ֆոկուսը»։ Նախկինում գիտնականները կարծում էին, որ այս տարածաշրջանը բնակեցվել է միայն մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, Հին Եգիպտոսի պատմության հելլենիստական ​​ժամանակաշրջանում՝ հույների այստեղ գալով։

Սակայն հնագետները հայտնաբերել են շատ ավելի հին բնակավայր, որը, ըստ կավե աղյուսների տարիքային վերլուծության, կառուցվել է Նոր թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1550–1070թթ.): Այսպիսով, հայտնաբերված քաղաքը հյուսիսային Եգիպտոսի ամենավաղ բնակավայրն է։

Հնագետները դեռ չգիտեն, թե որքան մեծ է եղել քաղաքը, սակայն ավերակները վկայում են մեծ բնակավայրի մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է փողոցների հատակագծին, որոնք նախատեսված էին մակերեւութային ջրերը չորացնելու եւ շենքերը ջրային էրոզիայից պաշտպանելու համար։

Գիտնականների խոսքով՝ իրենք հայտնաբերել են Ռամզես II փարավոնի կառուցած տաճարը, ինչպես նաեւ մասնավոր հուշահամալիրի տաճարներ: Հնարավոր է, որ դա եղել է ռազմական բնակավայր, այսինքն՝ եղել են ամրացված պարիսպ եւ վարչական շենքեր, նշել են հնագետները:

Հատկապես հետաքրքիր գտածոներից մեկը հին սափորի դրոշմն է, որը կրում է Մերիտատեն անունը: Այսպես էր Ախենաթենի փարավոնի դստեր անունը, որը կառավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. 1349-1336թթ.։ Ախենաթենը սանձազերծել է կրոնական հեղափոխություն, որը փորձել է Եգիպտոսի կրոնը կենտրոնացնել Աթոն աստծո պաշտամունքի շուրջ: Նրա որդին Թութանհամոն փարավոնն է, որը ղեկավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. 1336-1327թթ.։

Գիտնականները նշել են փարավոնի ընտանիքին պատկանող կալվածքում գինու արտադրության մասին: Հին Եգիպտոսի ծայրամասում գտնվող խաղողի այգիները, հավանաբար, պաշտպանվում էին զինվորականների կողմից։ Հնարավոր է, որ այս բնակավայրը ստեղծվել է Ախենաթեն փարավոնի օրոք, նշել են հնագետները։

Գիտնականները նշել են, որ տաճարի առկայությունն ընդգծում է քաղաքի ռազմավարական եւ մշակութային նշանակությունը: Պեղումները շարունակվում են եւ կարող են օգնել պարզել, թե որքան մեծ է եղել բնակավայրը եւ կոնկրետ երբ է այն հիմնադրվել: Մնում է պարզել, թե հին եգիպտացիներն ինչպես են անվանել այս քաղաքը: