Վրաստանի իշխանությունները ոչ թե պարզեցրել են, այլ ընդհակառակը՝ խստացրել են միգրացիոն բարձր ռիսկ ունեցող 17 երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի կանոնները, հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, մինչ այժմ նրանց համար առանց վիզայի մուտքի պայմանը բազմակի մուտքի վիզայի կամ Պարսից ծոցի երկրներից մեկում բնակության թույլտվության առկայությունն էր։ Այժմ օրենքը հստակեցվել է, որ վիզայի կամ կացության թույլտվության վավերականության ժամկետը պետք է լինի առնվազն մեկ տարի։

«Փոփոխություններն ուղղված են որոշ երկրների քաղաքացիների համար Վրաստան առանց վիզայի մուտքի կանոնների խստացմանը և ծառայում են անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,-նշել են ՆԳՆ-ում՝ ընդգծելով, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել կառավարության որոշումը։

Նոր կանոնները վերաբերում են Աֆղանստանին, Բանգլադեշին, Գանային, Եթովպիային, Էրիթրեային, Եմենին, Կամերունին, Փղոսկրի Ափին, Կոնգոյին, Մարոկկոյին, Նիգերիային, Պակիստանին, Սոմալիին, Սիրիային, Սուդանին, Տանզանիային և Ուգանդային: Դրանք ուժի մեջ կմտնեն մայիսի 16-ից։