ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի հրաժարականին Կապիտոլիումի դեմոկրատներն արձագանքել են՝ հիմնականում հայտարարելով, որ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության սխալ պաշտոնյայի է ազատել աշխատանքից, հաղորդում է CNN-ը։

Նրանք պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին պաշտոնանկությունն ավելի արժանի են համարել՝ Signal-ի չաթում Եմենում թիրախների ռմբակոծության մասին քննարկումներից հետո։

Սակայն, ըստ աղբյուրների, Հեգսեթի վերաբերյալ Թրամփի տեսակետը խիստ տարբերվում է Signal-ին առնչվող միջադեպից հետո Ուոլցի հանդեպ նրա վերաբերմունքից։

Աղբյուրները նշում են, որ նախագահն այդպես էլ չի կարողացել անցնել այն հարցից այն կողմ, թե ինչպես է Ուոլցը The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Գոլդբերգին հրավիրել խմբային զրույցի։ Թեև Թրամփը չէր կարծում, թե Հեգսեթը ողջախոհություն է ցուցաբերել՝ Եմենի պատերազմի ծրագիրն առնվազն երկու խմբային չաթերում հաղորդակից դարձնելով, սակայն հարցին ծանոթ մարդիկ նշել են, որ նա կարծում է, որ իր պաշտպանության նախարարը չպետք է ազատվի աշխատանքից, քանի որ վարչակազմը այդքան քաղաքական կապիտալ է ծախսել նրան հաստատելու համար։ Հեգսեթը նաև ավելի մեծ աջակցություն է վայելում վարչակազմից դուրս՝ շնորհիվ Թրամփի կողմից ոգեշնչված MAGA շարժման, քան Ուոլցը, որին վարչակազմում խոր կասկածանքով էին վերաբերվում։

Ավելին, ի տարբերություն Հեգսեթի, Ուոլցին փոխարինելը Սենատի հաստատման պայքար չի պահանջի։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը հրամայել է Հեգսեթին և Պենտագոնին ակտիվացնել իրենց ջանքերը՝ շաբաթներ առաջ զգուշացնելով, որ «սխալների կամ դժվարությունների համար այլևս տեղ չկա»։