Գվատեմալայում մայաների Տիկալ քաղաքում հնագետները հայտնաբերել են զոհասեղան, որտեղ թաղված են երեխայի և չափահասի աճյուններ։ Այս հայտնագործությունը կարող է օգնել հետազոտողներին հասկանալ քաղաքի հարաբերությունների բնույթը հարևաններից մեկի հետ։
Զոհասեղանը, ամենայն հավանականությամբ, նկարազարդել է ոչ թե մայա նկարիչը, այլ Թեոտիուականից՝ ժամանակակից Մեխիկո քաղաքից ավելի քան 600 մղոն հեռավորության վրա գտնվող հինավուրց մեգապոլիսից եկած մի արհեստավոր։ Գիտնականները Antiquity հանդեսում հրապարակված հոդվածում նշել են, որ զոհասեղանը վկայում է երկու քաղաքների միջև հակամարտության ընթացքում Տիկալում Թեոտիհուականի ակտիվ ներկայության մասին։
Տիկալը ծաղկում է ապրել մ.թ.ա. 600 թվականից մինչև մ.թ.ա. 900 թվականը։ Քաղաքը սկսել է հարաբերվել Թեոտիհուականի հետ մոտավորապես մ.թ.ա. 300 թվականին, սակայն այդ հարաբերությունները շուտով վիճելի դարձան։ 1960-ականներին հետազոտողները հայտնաբերեցին մ.թ.ա. 378 թվականին թվագրվող քարե փորագրություններ, որոնք նկարագրում են Թեոտիհուականի կողմից Տիկալի հավանական նվաճումը։
Գիտնականները 2019 թվականին սկսված մի շարք պեղումների ժամանակ հայտնաբերել են մ.թ. 5-րդ դարի զոհասեղանը։ Այն հայտնաբերվել է Թեոտիհուական ոճով կառուցված տան ներսում։
Չորս դեկորատիվ վահանակներից յուրաքանչյուրը պատկերում է թաշկինակով և գլխարկով մի կերպար, որն այդ ժամանակներում Կենտրոնական Մեքսիկայում «Փոթորկի Աստված» անունով հայտնի աստվածությանն է հիշեցնում։ Կարմիր, նարնջագույն, դեղին և սև գույներով կատարված պատկերները ճշգրտորեն կրկնօրինակում են Թեոտիուականի որմնանկարների տեխնիկան։
Զոհասեղանը և շրջակա տարածքը միտումնավոր թաղվել են մ.թ.ա. 550-645 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, մոտավորապես Թեոտիհուականի անկման ժամանակաշրջանում և հայտնվել է որպես բնական բլուր։ Ըստ հետազոտության համահեղինակ, Բրաունի համալսարանի հնագետ և մարդաբան Էնդրյու Շերերի՝ դա ըստ երևույթին մատնանշում է Տիկալի և Թեոտիուականի միջև հարաբերությունների բնույթը։
«Մայաները պարբերաբար թաղում էին կառույցները և վերակառուցում դրանք,-ասված է Շերերի հայտարարության մեջ։ -Սակայն այստեղ նրանք թաղել են զոհասեղանը և դրա շուրջը գտնվող շենքերը և պարզապես լքեցին դրանք, չնայած այն հանգամանքին, որ դարեր անց այն դառնալու էր առաջնակարգ անշարժ գույք։ Նրանք դրան վերաբերվեցին գրեթե որպես հուշարձանի կամ ռադիոակտիվ գոտու։ Դա, ամենայն հավանականությամբ, խոսում է Թեոտիհուականի նկատմամբ նրանց ունեցած բարդ զգացմունքների մասին։





























