Գյումրիում Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձրած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում որպիսությամբ ամենաշատը ես էի անհանգստացած ընտրություններից հետո, այսօր վերջապես երկար դադարից հետո վերադարձել էր աշխատանքի ու տպավորություն էր, որ պարոն Գրիգորյանը լավ է, ինչի համար ես անկեղծ շատ ուրախ եմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ունեցած ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Պարոն Գրիգորյանը ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մեզ՝ քաղաքական իշխող թիմին, մեղադրում է մանդատագողության և մարդագողության մեջ։ Բանն այն է, որ իր իսկ թիմակիցներից մեկը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետո մեկ-երկու օր անց փոշմանել և մեկ այլ դիմումմով, խնդրել է, հետ վերադարձնել իր մանդատը և ուղղակի ներկայացրել է իր ցանկությունը խմբակցությունից դուրս գալու և ավագանու անկախ անդամ աշխատելու համար: Հիմա պարոն Գրիգորյանը եկել և էս ամեն ինչում մեղադրում է ՔՊ-ին:
Սա բնականաբար իրականության հետ աղերս ունենալ չի կարող, բայց այս կոնտեքստում պարոն Գրիգորյանի արտահայտած մի քանի մտքերին այնուամենայնիվ կուզենամ անդրադառնալ։ Պարոն Գրիգորյանը, խոսելով իր իսկ թիմակցի մասին, մտահոգություն է հայտնում, թե ոնց է տվյալ անձը ապրելու Գյումրիում, Գյումրին փոքր քաղաք է, արդյո՞ք չի ամաչում, որ հնարավոր է ինչ-որ իր անվանը պիտակներ կպցնեն և այլն։
Ես ուզում եմ վերջինիս հետևյալը փոխանցել. պարոն Գրիգորյան, ես և շատ գյումրեցիները այդ նույն մտահոգությունը ձեր մասով ունեինք և շարունակում ենք ունենալ, այն բանից հետո, երբ դուք ապահովեցիք բավարար, մի բան էլ ավել ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, չնայած ընտրություններից առաջ ձեր կատարած մի շարք այլ հայտարարությունների»,- հայտարարեց Պալյանը:
Նա հիշեցրեց, որ Մարտուն Գրիգորյանը մեղադրում ՔՊ-ին, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ ով ընտրի մյուս քաղաքական ուժերին, ապա իր ձայնը կտա Վարդան Ղուկասյանին։
«Պարոն Մարտուն Գրիգորյան, որտե՞ղ է սխալվել ՔՊ-ն: Դուք էիք, որ մյուս երեք քաղաքական ուժերի հետ Վարդան Ղուկասյանին դարձրեցիք քաղաքապետ։ Նշում եք նաև, որ ՔՊ կուսակցությունը վարչական ռեսուրս է օգտագործել։ Եթե ՔՊ-ն վարչական ռեսուրս օգտագործող քաղաքական ուժ լիներ այսօր Գյումրու քաղաքապետ կլիներ ոչ թե Վարդան Ղուկասյանը այլ Սարիկ Մինասյանը: Բայց քանի որ մենք չունենք նման ձեռագիր ապա մենք հաշտվում ենք և մեզ համար օրենք է ցանկացած ընտրության արդյունք որովհետև դա կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,-ասաց նա:





























