Մ.թ.ա. մոտ 1300 թվականին Արևելյան Միջերկրական ծովի հիմնական քաղաքակրթությունները մշակութային և տեխնոլոգիական առաջընթաց գրանցեցին՝ սկսելով բրոնզը շատ ավելի լայնորեն օգտագործել զենքեր, գործիքներ և զարդեր պատրաստելու համար։
Բրոնզի մեծ մասը պղնձի և անագի համաձուլվածք է, բայց չնայած պղինձն ու անագը լայնորեն մատչելի էին հին ժամանակներում, անագը հազվագյուտ տարր է, որի հիմնական աղբյուրները հազարավոր կիլոմետրերի շառավղում չկան։ Դա մի մեծ հարց էր դնում, որը հնագետներնանվանում են «անագի խնդիր»։ Որտեղի՞ց էին Միջերկրածովյան բրոնզի դարի հասարակությունները ստանում անագը՝ բրոնզ պատրաստելու համար։ Բրիտանացիների գլխավորությամբ հնագետների խումբը կարծում է, որ լուծել է այդ առեղծվածը։
Նրանց եզրահանգումները հրապարակվել են Antiquity հանդեսի վերջին համարում։
Եվրոպայի տարբեր մասերից հանքաքարն ու արտեֆակտները գիտականորեն վերլուծելով՝ նրանք պարզել են, որ ավելի քան 3000 տարի առաջ Կորնուոլի և Դևոնի հարուստ հանքավայրերից անագը լայնորեն վաճառվել է Միջերկրական ծովի ափամերձ երկրներում և, հնարավոր է, կարևոր դեր է խաղացել ավելի քան 4000 կմ հեռավորության վրա գտնվող բարդ թագավորությունների և պետությունների զարգացման գործում։
«Դա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին ապրանքն է, որն արտահանվել է ամբողջ մայրցամաք»,-ասում է Դարհեմի համալսարանի հնագիտության դոցենտ, դոկտոր Բենջամին Ռոբերթսը։
Ըստ նրա՝ առևտրային ցանցի նույնականացումն արմատապես փոխում է բրոնզե դարում Բրիտանիայի տեղի և ընդհանուր առմամբ, աշխարհի մասին մեր պատկերացումները։
Իր տեսակի մեջ առաջին խոշոր նախագիծ դարձած հետզոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Միջերկրական ծովում բրոնզե դարի նավաբեկության ժամանակ հայտնաբերված անագե ձուլակտորներում, դրանց թվում՝ Իսրայելի ափերի մոտ խորտակված երեք նավերում հայտնաբերված միկրոտարրերը, կապարի և անագի իզոտոպները։
Գիտնականները վերլուծել են նաև հանքաքարի նմուշներ և հին անագե արտեֆակտներ հարավ-արևմտյան Բրիտանիայից և մի շարք այլ եվրոպական աղբյուրներից։ Իրենց արդյունքները համեմատելով՝ հեղինակները կարողացել են ոչ միայն հաստատել, որ կորնուոլյան անագը լայնորեն վաճառվում էր Միջերկրական ծովի արևելյան ափամերձ երկրներում, այլև որ «փոխկապակցված համայնքների մի ամբողջ շղթա անագը տեղափոխում էր Ֆրանսիայի գետերով, Սարդինիայով, Կիպրոսի ափերի մերձակա Միջերկրական ծովի կղզիներով, այնուհետև՝ Իսրայելի ափեր»։
Կորնուոլի և Դևոնի անագի հանքավայրերն աշխարհի ամենախոշորներից և ամենամատչելիներից են և հետագայում ակտիվորեն շահագործվել են։ Սակայն, այն ժամանակ, երբ հույն գրող Պիթեասը գրում էր երկաթի դարաշրջանում Կորնուոլում անագի առևտրի մասին, շատ փորձագետներ թերահավատորերն էին մոտենում այն պարագային, որ քաղաքներ կամ գրավոր լեզու չունեցող վաղ բրոնզի դարաշրջանի Բրիտանիայի ժողովուրդը՝ իր փոքր գյուղատնտեսական համայնքներով ի վիճակի էին զարգացած միջերկրածովյան հասարակությունների հետ լայնածավալ առևտրային ցանցի մաս լինել, ասում է Ռոբերթսը։





























