ԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական վարչությանը, Ազգային անվտանգության գործակալությանը եւ այլ գերատեսչությունների, հանձնարարում է ուսումնասիրել Գրենլանդիայի տրամադրությունն անկախության եւ ԱՄՆ ռեսուրսների հնարավոր արդյունահանման վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Վաշինգտոնի կողմնակիցների որոնմանը։

Այս հրահանգը ամերիկյան վարչակազմի առաջին քայլերից մեկն էր, որը հստակ ուղղված է կղզու վրա վերահսկողություն սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի իրականացմանը, նշել է պարբերականը, որը համոզված է, որ նման գործողությունները վկայում են ԱՄՆ առաջնորդի մտադրությունների լրջության մասին։

«Նախագահը հստակ արտահայտել է իր մտահոգությունները Գրենլանդիայի եւ Արկտիկայի անվտանգության վերաբերյալ»,- պարբերականին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը՝ հրաժարվելով մեկնաբանել մանրամասները։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը WSJ-ին մեղադրել է «գաղտնի տեղեկատվության բացահայտման» մեջ՝ հրապարակումն անվանելով «անվտանգության խափանում»։