ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը BBC News-ին տված հարցազրույցում արտահայտել է իր վերաբերմունքը պետության ներկա ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մոտեցման առնչությամբ։

Նրա կարծիքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահի նկատմամբ վարում է «հաշտեցման քաղաքականություն», մինչդեռ Վլադիմիր Պուտինը, ըստ Բայդենի, Ուկրաինան «Մայր Ռուսաստանի մաս» է համարում։

«Նա չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ... Խորհրդային Միությունը փլուզվել է։ Եվ յուրաքանչյուր ոք, ում թվում է, թե նա կանգ է առնելու, պարզապես տխմար է»,-ասել է Բայդենը Պուտինի մասին։

Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Թրամփի մոտեցումը կարող է ազդանշան ուղարկել այլ եվրոպական երկրներին, որ ժամանակն է զիջել Ռուսաստանին։

Լրագրողը Բայդենի ուշադրությունը հրավիրել է այն պնդումների վրա, ըստ որոնց նա համարձակություն չի ունեցել մինչև վերջ գնալու՝ Ուկրաինային անհրաժեշտ զենքով ապահովելու և Ուկրաինային հաղթանակ տանելու հնարավորություն տալու համար։

«Մենք նրանց (Ուկրաինային) տվեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իրենց անկախությունն ապահովելու համար։ Եվ մենք պատրաստ էինք ավելի ագրեսիվ արձագանքել, եթե Պուտինը իսկապես նոր քայլեր ձեռնարկեր»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Բայդենը նշել է, որ ինքը ձգտում էր խուսափել «Երրորդ համաշխարհային պատերազմի» հեռանկարից՝ միջուկային տերությունների մասնակցությամբ։

«Եվ մենք իրականում խուսափեցինք դրանից։ Ի՞նչ կաներ Պուտինը, եթե իրական խնդիրների մեջ լիներ։ Կսպառնար մարտավարական միջուկային զենք կիրառելով։ Դա խաղ չէ, ոչ էլ՝  ռուսական ռուլետկա»,-հավելել է Բայդենը։