Ճապոնիայի հայտնի յակուձա խմբավորումների մասին մտածելիս մարդիկ, ըստ ամենայնի, պատկերացնում են արյունալի կռիվների մեջ մտած դաջվածքներով տղամարդկանց։
Սակայն անցյալ շաբաթ Տոկիոյում չորս տղամարդիկ ձերբակալվել են առավել առօրեական հանցագործության համար՝ գրադարանի կողքին յակուձայի գրասենյակ հիմնելու համար, հաղորդում է CNN-ը:
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ 55-77 տարեկան կասկածյալները «հանցավոր համաձայնությանեն եկել» գրասենյակը 2024 թվականի հունիսից մինչև 2025 թվականի փետրվարը բացելու համար, թեև տարածքը գրադարանից 200 մետր հեռավորության վրա էր։
Քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արշավի շրջանակում յակուձաների գրասենյակների տեղակայման վայրերի առնչությամբ խիստ կանոններ են գործում:
CNN-ը նշում է, որ ձերբակալվածներից ամենատարեցը՝ 77-ամյա տղամարդը, «հայտնաբերվել է որպես Ճապոնիայի խոշորագույն յակուձա խմբավորումներից մեկի՝ «Սումիյոշի-կայ» կազմակերպված հանցավորության սինդիկատին» առնչվող կազմակերպության անդամ։
Հայտնի լինելով իրենց խիստ հիերարխիայով և պատվի կանոնագրքով՝ նաև բորյոկուդա անունով հայտնի յակուձան զբաղվում է ամեն ինչով՝ սկսած շորթումից և փողերի լվացումից մինչև թմրանյութեր և սեռական թրաֆիքինգ։
Դրանցից շատերն ընդհատակյա կազմակերպություններ չեն, այլ գրանցված են ոստիկանությունում և մշտական ներկայություն ունեն ամբողջ երկրում։




























