Նրանք վերապրեցին դինոզավրերին ոչնչացրած աղետը, սակայն փայտոջիլները պակասում էին, մինչև որ քաղաքի գյուտը հանգեցրեց նրանց թվի կտրուկ աճին, վստահեցնում են հետազոտողները։
Փայտոջիլների մի խմբի գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց պատմությունը միահյուսված է մարդկանց պատմության հետ. արյուն ծծող մակաբույծները տարածվել և ծաղկել են, երբ մարդիկ հավաքվել են խոշոր բնակավայրերում։
Գիտնականները համեմատել են Չեխիայի 19 փայտոջիլի ԴՆԹ-ն։ Դրանցից ինը «մարդկանց հետ կապված» էին, իսկ մնացածը հավաքվել էին չղջիկների բներում։ Վերլուծությունը ցույց տվեց, որ երկու խմբերի նախնիների պոպուլյացիաները նվազել են մոտ 45 հազար տարի առաջ, երբ Երկիրը սառել է վերջին սառցե դարաշրջանի ընթացքում։
Սակայն, եթե չղջիկների հետ կապված փայտոջիլների պոպուլյացիան շարունակում է նվազել մինչ օրս, ապա մարդկանց հետ կապված փայտոջիլների պոպուլյացիանմոտ 12 հազար տարի առաջ կայունացել է, այնուհետև կտրուկ աճել մոտ 8000 տարի առաջ, գրում են գիտնականները Biology Letters հանդեսում։
Աշխարհի առաջին քաղաքները ծագել են բնակավայրերից, որոնք կառուցվել են մարդկանց քոչվորական կենսակերպից գյուղատնտեսությանն անցնելուց հետո։ Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Չաթալհյոյուկը մոտ 9000 տարեկան է, և այնտեղ հազարավոր մարդիկ են ապրել։ Մոտ 5000 տարի առաջ Հին Միջագետքի Ուրուկ քաղաքում բնակվում էր 60 հազար մարդ։
«Մենք գիտենք, որ մարդկանց և փայտոջիլների էվոլյուցիոն պատմությունը երկար ժամանակ փոխկապակցված է եղել»,- նշել է Շեֆիլդի համալսարանի միջատաբան, պրոֆեսոր Մայքլ Սիվա-Ջոթին։




























