Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի հետ այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը պահանջեց նոր տարում մեծ ուշադրություն դարձնել քաղաքի բարեկարգմանը:

Առաջին հերթին նա առաջարկում է 2012 թվականի բյուջեն վերանայելու ու քննարկելու ժամանակ սանիտարական մաքրման տարածքներն ընդլայնել: Որպես օրինակ, քաղաքապետը նշում է Սպանդարյան փողոցը, որն արդեն ամբողջությամբ մաքրվել եւ բարեկարգվել է  եւ պետք է վերցվի ուշադրության տակ որպես մշտական սանիտարական մաքրման տարածք:

Բացի այս, քաղաքապետն առաջարկում է քաղաքի տարբեր հատվածներում ավելացնել կանաչապատ տարածքներն ու ծաղկանոցները, վերանայել նոր ծաղկանոցների տեղադրման տարածքներն ու ուշադրություն դարձնել դրանց խնամքին: Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ իրենց հերթին առաջարկում են որպես այդպիսի տարածքներ առանձնացնել Տարոն-4  փողոցի նորակառույց հատվածն ու Տարոն-2 փողոցը:

Քաղաքի բարեկարգման մասին խոսելիս, քաղաքապետը նշեց նաեւ լուսաֆորների բացակայության ու լուսավորության պակասի մասին: Չցանկանալով նշել անուններ, Սամվել Դարբինյանը խոսեց այն մասին, որ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ դժգոհում են քաղաքում եռաչափ լուսաֆորների բացակայությունից: Նա բացատրեց,  որ դա տրվում է այն քաղաքներին, որոնց խաչմերուկների լայնությունը 24, 28, 36 մետրից ավելի է, մինչդեռ Վանաձորի խաչմերուկները մոտ 12 մետր լայնություն ունեն: Ըստ Սամվել Դարբինյանի, անսարք են լուսաֆորների մեծ մասը ու գործում են ջարդված ապակիներով: Նա նաեւ դիմեց լուսաֆորների աշխատանքներն սպասարկող կազմակերպությանը. «Եթե անսարք լուսաֆորների պատճառով մի վթար լինի, բոլոր ծախսերը հոգալու է ձեր կազմակերպությունը, մի մոռացեք, որ մի թանկ մեքենան ձեր 2 տարվա աշխատավարձն է»,- եզրափակեց նա: