«Ակնհայտ է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, և գործադիր իշխանության ղեկավարը դա չի թաքցնում։ Փաստաբաններն արդեն նշել են, որ գործն անհիմն է, իրավական հիմքերը բացակայում են։ Հույս ունենք, որ մասնագիտական բարոյականությունը կգերակայի, և կստանանք այնպիսի որոշում, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

«Գործադիր իշխանության ղեկավարն ուղղակիորեն հետապնդում է սկսել և իրավական գործիքակազմն օգտագործում է այդ հետապնդման համար։ Եթե բիզնեսին է ուղղել հայացքը, ապա պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է։ Եթե ներդրումներով կայացած հերթական կազմակերպությանն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողները ևս պետք է հասկանան, որ հնարավոր է՝ շուտով իրենց բիզնեսի հերթն էլ հասնի։ Իսկ բիզնեսն ու փողը շատ նուրբ գործիքներ են։ Իսկ եթե իշխանությունը նման նկռտումներով է մոտենում բիզնեսերին, բնականաբար, բիզնեսն ու ներդրումները չեն կարող զարգանալ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։

Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։