Մինչ ամերիկյան B-2 ռմբակոծիչները սլանում էին Իրանի վրայով՝ հարվածելով Թեհրանի միջուկային նկրտումների հետ կապված թիրախներին, Արեւելյան Ասիայի քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն արդեն մտածում էին մի կարեւոր հարցի շուրջ. ի՞նչ ուղերձ կհղի սա Հյուսիսային Կորեային, որը շատ ավելի առաջավոր միջուկային զինանոց ունի, քան Իրանը։

Ինչպես նշել է CNN-ը, փորձագետները զգուշացնում են, որ Վաշինգտոնի ռազմական գործողությունները կարող են ամրապնդել Փհենյանի վճռականությունը՝ արագացնել իր զենքի ծրագիրը եւ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ամրապնդել իր առաջնորդ Կիմ Չեն Ընի համոզմունքը, որ միջուկային զենքը ԱՄՆ ճնշմամբ ռեժիմի փոփոխության վերջնական զսպող միջոցն է։

Չնայած բազմամյա ջանքերին՝ համոզել Հյուսիսային Կորեային հրաժարվելմիջուկային զենքի ծրագրից, Կիմ Չեն Ընի ռեժիմն ունի բազմաթիվ միջուկային զենքեր, ինչպես նաեւ հրթիռներ, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ, ինչը նշանակում է, որ Կորեական թերակղզում ցանկացած հնարավոր ռազմական հարված կպարունակի շատ ավելի մեծ ռիսկեր։

«Նախագահ Թրամփի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածը, անկասկած, ավելի կամրապնդի Հյուսիսային Կորեայի՝ ռեժիմը պահպանելու եւ միջուկային զենք մշակելու երկարատեւ քաղաքականության լեգիտիմությունը»,- ասել է Հարավային Կորեայի Կյոնամ համալսարանի հյուսիսկորեական ուսումնասիրությունների պրոֆեսոր Լիմ Ըլ Չհոլը։

«Հյուսիսային Կորեան ԱՄՆ վերջին ավիահարվածն ընկալում է որպես կանխարգելիչ ռազմական սպառնալիք եւ, հավանաբար, կակտիվացնի իր սեփական կանխարգելիչ հրթիռային եւ միջուկային հարվածների կարողությունները զարգացնելու ջանքերը»,- ասել է Լիմը:

Վերլուծաբանների կարծիքով, այս արագացումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի օգնությամբ՝ երկու երկրների միջեւ զարգացող ռազմական հարաբերությունների շնորհիվ: