Տիբեթի աքսորյալ հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հաստատել է, որ կունենա իրավահաջորդ՝ վերջ դնելով այն ենթադրություններին, թե արդյոք 600-ամյա հաստատությունը կփակվի իր մահից հետո, հաղորդում է BBC News-ը:

Իր տեսաուղերձում, որին անհամբեր սպասում էին հետևորդները, նա նշել է, որ միայն իր ստեղծած հիմնադրամը կարող է նշանակել իր իրավահաջորդին, և «ոչ ոք իրավունք չունի այդ հարցին միջամտելու»։

Ըստ տիբեթյան ավանդույթի՝ Դալայ Լամաները մահից հետո «վերամարմնավորվում են»։

Չորեքշաբթի հարյուրավոր հետևորդներ հավաքվել էին Հնդկաստանի Դհարամշալա քաղաքում, որտեղ բնակվում է Դալայ Լաման՝ երկար սպասված հայտարարությունը լսելու համար։ Դալայ Լամայի գրադարանի և արխիվների կենտրոնի շենքը, որտեղ հեռարձակվել է տեսաուղերձը, նմանվել էր մուգ կարմիր ծովի, որտեղ հավաքվել էին աշխարհի տարբեր ծայրերից եկած վանականներ։

«Ես հաստատում եմ, որ Դալայ Լամայի ինստիտուտը կշարունակվի»,- ասված է Դալայ Լամայի հայտարարության մեջ։

«Գադեն Ֆոդրանգ հիմնադրամը՝ Նորին Սրբություն Դալայ Լամայի գրասենյակը... պետք է պատշաճ կերպով իրականացնի որոնման և ճանաչման ընթացակարգերը՝ անցյալի ավանդույթներով»,- հայտարարել է նա:

Դհարամշալայում անցկացվում են Դալայ Լամայի 90-ամյակին նվիրված խոշոր տոնակատարություններ, որոնք սկսվել են երկուշաբթի՝ նրա ծննդյան օրը՝ ըստ տիբեթյան լուսնային օրացույցի, և կավարտվեն հուլիսի 6-ին՝ նրա պաշտոնական ծննդյան օրը։ Տոնակատարություններին կմասնակցի ավելի քան 7000 հյուր, որոնց թվում՝ մի շարք հնդիկ նախարարներ։ Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը, որը նրա վաղեմի երկրպագուն է, նույնպես ներկա կլինի արարողությանը։