Costa Crociere նավագնաց ընկերության ներկայացուցիչները (այդ ընկերությանն էր պատկանում խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ն) նավապետ Ֆրանկո Սկետտինիին մեղադրել են այն բանի համար, որ նա «որոշում կայացնելու ընթացքում սխալներ է թույլ տվել, որոնք հանգեցրել են լուրջ հետեւանքների: Նավապետը արտակարգ իրավիճակներում նախատեսված միջոցներ ձեռք չի առել»:

Հիշեցնենք, որ նավապետը լքել է նավը առաջինների թվում: Քննիչների կասկածն է առաջացրել նաեւ այն փաստը, որ նավը շատ է մոտեցել ափին: Վարկած կա, որ նավապետը նավը ափին շատ է մոտեցրել զբոսաշրջիկներին զվարճացնելու նպատակով:

«Կոստա Կոնկորդիան» ափից հեռու է եղել ընդամենը 150 մ, երբ ընկել է ծանծաղուտի մեջ, հայտնել է դատախազ Ֆրանչեսկո Վերուսիոն: Ինքը` Նավապետ Սկետտինոն հայտարարել է, որ նավը ափից գտնվել է 2 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, իսկ խորտակման պատճառը ստորջրյա ժայռերին բախումն է, որոնք նշված չեն եղել քարտեզում:

Տոսկանայի Գրոսետտո նահանգի դատախազությունը քրեական գործ է հարուցել նավի խորտակման եւ մարդկանց մահվան առնչությամբ: Ֆրանկո Սկետտինային մեղադրում են ոչ կանխամտածված սպանության եւ այն բանի համար, որ նա լքել է նավը, մինչ բոլոր ուղեւորների տարհանումը:  Նրա մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում, գրում է utro.ru-ն` հղում անելով Associated Press-ին:

«Ռոսիյա 24» հեռուստաալիքը հաղորդում է, որ Իտալիայում  սկսվել են խորտակված նավի  «սեւ արկղի» վերծանման աշխատանքները: Եւ արդեն կան առաջին արդյունքները:

Այսպես, չնայած լարված իրավիճակին` նավի անձնակազմը օգնության չի դիմել, SOS ազդանշաններ չի ուղարկել, այլ ընդհակառակը, հայտնել է, որ ամեն ինչ կարգին է: Առաջինը անձնակազմի հետ կապ է հաստատել ափամերձ փրկարարական ծառայությունը:

Իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը հունվարի 14-ի գիշերը Ջիլյո կղզու մոտ բախվելէ ժայռերին: Նավի վրա եղել են շուրջ 3,2 հազար ուղեւորներ, անձնակազմի 1000 անդամներ:  Համարյա բոլորին հաջողվելէ տարհանել: Տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 5 մարդ, տուժել է 70 մարդ, իսկ 15-ն էլ համարվուն եմ անհետ կորած: Փրկարարական գործողությունները շարունակվում են: