«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի խորտակման վայրում աշխատող փրկարարները գտել են տղամարդու դի: Այդպիսով, նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասավ վեցի:
ԱՆՍԱ-ն հայտնում է, որ ուղեւորի հագին փրկարար բաճկոնակ է եղել:
Նախկինում հայտնվում էր ողբերգության 5 զոհերի մասին: Շուրջ 40 մարդ համարվում է անհետ կորած: Ներկայումս նրանց թիվը կրճատվել է` հասնելով 14-ի:
Թեեւ կատարվածից հետո անցել է 3 օր, ողջ մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Հունվարի 15-ին փրկվել է 3 մարդ` Հարավային Կորեայից 2 զբոսաշրջիկ եւ մի իտալացի, որը նավի անձնակազմի անդամներից է եղել:
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը, որի վրա գտնվել է 4,2 հազար մարդ, Իտալիայի Տոսկանայի ափին գտնվող Ջիլյո կղզու շրջակայքում հունվարի 14-ի գիշերը ենթարկվել էր նավաբեկության: Նավապետ Ֆրանկո Սինետտիի խոսքերի համաձայն`նավը բախվել է ստորջրյա ժայռերին, որոնք նշված չեն եղել քարտեզում:
Նավատերերն իրենց հերթին կասկածում են, որ նավապետը վտանգավոր մանեւրի է գնացել զբոսաշրջիկներին զվարճացնելու նպատակով: Նավապետը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ լքել է նավը մինչ բոլոր ուղեւորների տարհանումը: Տվյալ պահին նա ձերբակալված է: Իտալական օրենսդրության համաձայն` վտանգի պահին նավն առաջինը լքող նավապետին սպառնում է 12 տարվա ազատազրկում:




























