Տարածաշրջանում դատափորձագիտական տվյալների բազայի, մասնավորապես` մատնահետքերի տվյալների բազայի ստեղծումը զգալիորեն կհեշտացնի հանցագործներին որոնելն ու  բռնելը: Այս մասին հունվարի  16-ին «Դատափորձագիտական տվյալների ազգային բազաներ» խորագրով սեմինարի բացմանը հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հովսեփյանի խոսքով` չնայած նրան, որ փորձագիտական լաբորատորիաները արդարադատություն չեն իրականացնում, դրանք մեծ ավանդ են են ներդնում այդ գործում, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում նշվում է. Ապացույցներից ոչ մեկը առաջնային չի համարվում, բայց շատ դժվար է վիճարկել փորձագիտական կենտրոններից ստացած հանցանշանները:  Դատափորձագիտական լաբորատորիաներից ստացված ապացույցները շատ կարեւոր են հանցագործությունը բացահայտելիս:

Գլխավոր դատախազի խոսքով` ժամանակին ինքն առաջարկել է ԱՊՀ-ում մատնահետքերի տվյալների բազա ստեղծել, բայց առաջարկությունը չեն ողջունել Հայաստանի հարեւան, ինչպես նաեւ Միջին Ասիայի հանրապետությունները: Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, հանցագործությունը ոչ միայն սահմաններ չի ճանաչում, այլեւ այն շատ հաճախ միջազգային բնույթ է կրում: