Lockheed Martin և Raytheon Technologies ընկերությունները գերմանական n-tv հեռուստաալիքին հաստատել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների արտադրության ծավալները մեծացնելու իրենց ծրագրերը, գրում է գրեմանական DW պարբերականը։

Patriot համակարգերի համար կան երկու տեսակի հրթիռներ՝ PAC-2 GEM-T (Raytheon-ի կողմից) և PAC-3 MSE (Lockheed Martin -ի կողմից):

«Վերջին երեք տարիների ընթացքում մենք հետևողականորեն մեծացրել ենք PAC-3 MSE արտադրության տեմպերը տարեկան 300-ից հասցնելով ավելի քան 500 միավորի», - n-tv-ն մեջբերում է Lockheed Martin-ի մամուլի խոսնակ Ալիսոն Սմիթի խոսքերը։ 2025 թվականին նախատեսվում է արտադրել 20%-ով ավելի հրթիռներ, իսկ մինչև 2027 թվականը, ըստ նրա, աճը էլ ավելի «զգալի» կլինի:

Իր հերթին, Եվրոպայում Raytheon -ի ներկայացուցիչ Էրվե Թիլոյը n-tv-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև 2028 թվականը PAC2 GEM-T-ի արտադրությունը պետք է աճի 150%-ով։ Այս նպատակով կոնցեռնն արդեն իսկ ավելացնում է ռազմամթերքի հավաքմամբ զբաղվող աշխատակիցների թիվը։ Raytheon-ը հաղորդում է, որ 2024 թվականի սկզբի դրությամբ ընկերությունը տարեկան մոտ 240 PAC2 հրթիռ էր արտադրում։