Հայտնաբերվել է «Կոստա Կոնկորդիայի» նավաբեկության ժամանակ զոհված եւս մեկ մարդու մարմինը: Նրան փրկարարները հայտնաբերել են հունվարի 17-ին ` վաղ առավոտյան, հաղորդում է  Agence France-Presseը:
Այդպիսով, ընդհանուր զոհերի թիվը հասնում է 7-ի, իսկ 28 մարդ համարվում են անհետ կորած: Զոհվածներից 5-ի մարմինները ճանաչվել են:

Մինչ այդ, հետաքննությունը նախնական եզրահանգումներ էր արել, ըստ որոնց` իտալական «Կոստա Կոնկորդիա»  զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն մտադիր չէր եղել նավը կայանել ծանծաղուտում` բախումից հետո:

Ըստ ցամաքային  փրկարարական ծառայության տվյալների` նավը խութին բախվելուց հետո անկառավարելի է դարձել: Շարժիչները չեն գործել, որի հետեւանքով էլ չի հաջողվել շրջադարձ կատարել: Այս տարբերակի օգտին են խոսում նաեւ սեւ արկղում արձանագրված փաստերը: Մի ժամ անց զբոսանավը կանգնել է հենց այն նույն տեղում, որտեղ բախվել է ժայռին, եւ որտեղ էլ գտնվում է մինչեւ այժմ: Այդպիսով, Ջիլյո կղզու ծովածոցին մոտենալը խիստ պատահական է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այժմ անկախ փորձագետները վստահ էին, որ հենց այդ քայլն է փրկություն հանդիսացել վթարի ժամանակ:

Զուգահեռ հետաքննություն է տարվում, թե արդյոք ճիշտ է կազմակերպված եղել տարհանումը: Ըստ ականատեսների վկայության` «լքել նավը» ազդանշանը հնչել է խութին բախվելուց կես ժամ անց, երբ արդեն բոլորն էլ հասկացել են, որ վթար է տեղի ունեցել: Բացի այդ, ափամերձ եւ  ծովածոցային փրկարար ծառայությունները SOS ազդանշանը չեն ստացել:
«Կոստա Կոնկորդիա» շոգենավը  խորտակվել է հունվարի 14-ի գիշերը Ջիլյո կղզու ափերի մոտ: Նավի վրա գտնվել է շուրջ 4200 մարդ: