Բեյրութում հինգհարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 18 եւ վիրավորվել 12 մարդ:
Զոհվածների մի մասը Սուդանից, Եթովպիայից, Եգիպտոսից եւ Ֆիլիպիններից եկած աշխատողներ են եղել, հաղորդում է NTB գործակալությունը: Ըստ այլ գործակալությունների տվյալների` զոհվել է 24 մարդ:
Ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը հայտնել է, որ լիբանանյան իշխանությունները ձերբակալել են փլուզված շենքի տիրոջը` Միշել Սաադիին, եւ հարցաքննում են նրան:
Հիշեցնենք, որ հինգհարկանի շենքը Լիբանանի մայրաքաղաքում փլուզվել էր հունվարի 15-ի երեկոյան: Դեպքի վայրում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր եւ հաջորդ օրվա ընթացքում: Ինչպես ավելի վաղ նշվել էր, փլուզման պատճառ կարող էին դառնալ հին շենքի ճաքերը եւ անձրեւները:
Ըստ օդերեւութաբանների` անձրեւները եւ ամպրոպները կշարունակվեն մինչեւ հունվարի վերջ: Սակայն կային նաեւ այլ պատճառներ, որոնց շարքում նշվում է ավանդական շինությունների փոխարինումը բազմահարկ շենքերով, որոնք մեկը մյուսի հետեւից հայտնվում են երկրի տարբեր հատվածներում: Խոր հորերի փորումը, նոր հզոր շարժիչների կիրառումը, կապի միջոցների անցկացումը, այս ամենը կարող էր երկրաշարժի էֆեկտ ունենալ, առաջացնել ներքին ճաքեր կամ լայնացնել ոչ մեծ կառույցների հիմքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























