Ամերիկյան գիտնականները պարզել են, որ Լա-Նինյա եղանակային երեւույթը կապ ունի գրիպի համաճարակի հետ: Նրանք նախազգուշացրել են նոր համաճարակների հնարավորության մասին, քանի որ Լա-Նինյան փոխում է իր տեղակայումը:

Լա-Նինյան եղանակային ֆենոմեն է, որի ընթացքում խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի տաքացած ջրերը տեղափոխվում են արեւմուտք: Հակառակ ուղղությամբ տեղափոխումը կոչվում է Էլ-Նինյո:

Վերջին չորս խոշոր համաճարակներին` իսպանական (1918-1919թ.թ.), ասիական (1957-1958), Հոնգկոնգի (1968-1969) եւ «խոզագրիպի» (2009-2010) նախորդել են Լա-Նինյայի փուլերը: Այդ համաճարակների առանձնահատկություններից է այն, որ նրանց բոլորի հարուցիչն էլ գրիպի նոր շտամներն են եղել, որոնք առաջացել են մուտացիայի արդյունքում:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի աշխատակից Ջեֆֆրի Շամանն ու իր գործընկերները կարծում են, որ Լա-Նինյայի պատճառով փոխվում են չվող թռչունների գաղթի երթուղիները: Արդյունքում տեղի է ունենում կենդանիների շփում, որոնք նախկինում երբեւէ չեն հանդիպել: Հենց դա էլ կարող է հանգեցնել վիրուսի փոխակերպման, հաղորդում է MED Նովոստին: