Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ոչ միայն չի վաճառում իրեն պատկանող «Արմավտո» ԲԲԸ-ն, այլեւ ընկերությունը վարկ է վերցրել ու նոր արտադրություն է սկսում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Կովալենկո Շահգալդյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե իր գործերը վատ են, գործարանը վաճառում է, որպեսզի ընտրությունների համար գումար հավաքի:

«Իմ գործերը միշտ լավ են եղել, իսկ հիմա ավելի լավ են»,- ասաց մարզպետը: Նրա փոխանցմամբ` ոչ սարքավորումները, ոչ էլ գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները չեն վաճառվել: ««Արմավտոն» ՀՀ միակ ձեռնարկությունն է, որ մինչեւ հիմա որեւէ ապրանք, սարքավորում, նյութական միջոց չի վաճառել, ինչ ունեցել ենք, պահպանվում է, որովհետեւ մենք ծրագրեր ունենք եւ դրանք իրականացնում ենք»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը:

Ինչ վերաբերում է մարզպետի եւ նրա քաղաքապետ որդու թեկնածությունը խորհդարանական ընտրություններին թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում առաջադրելուն, նա այսպես արձագանքեց. «Թիվ 31 ընտրատարածքը մեր մարզում չէ, Ալավերդիիում է, բնականաբար, մենք այնտեղ ընտրազանգված չունենք, չենք առաջադրի: Գոնե պետք է կարողանան իմանալ, որ ընտրատարածքը որ մարզում է գտնվում»,- ասաց նա:

Կովալենկո Շահգալդյանի խոսքով`իր որդին չի պատրաստվում պատգամավոր դառնալ, 1 տարի է,  ինչ ընտրվել  է քաղաքապետ, իսկ ինքը ՀՀԿ անդամ է եւ այդպիսի հարցերը լուծվում են թիմային խորհրդակցության արդյունքում, իսկ իրենց թիմը դեռեւս այդպիսի որոշում չի կայացրել: «Ինձ բավարարում է մարզպետի պաշտոնը, ես ավելի շատ հակված եմ շարունակել պաշտոնավարել մարզպետի պաշտոնում»,- ասաց նա` հավելելով, որ պատգամավոր դառնալու ցանկությամբ չի դիմի կուսակցությանը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: «Մեր տեղեկություններով` մարզպետն իր սեփականություն հանդիսացող «Արմավտո» ԲԲԸ-ի մասնաշենքը քանդում եւ ամբողջ սարքավորումները վաճառում է: Վերջին երեք տարվա ընթացքում էլ ամբողջ գործարանը մաքրվել է մետաղի ջարդոնից եւ այն վաճառվել այլ կազմակերպությունների: Վաճառվել են նաեւ գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները»,- գրել էր թերթերից մեկը եւ հավելել, որ Չարենցավանում խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը եւ նրա քաղաքապետ որդին ցանկանում են իրենց թեկնածություններն առաջադրել համապատասխանաբար թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: «Այնպես որ, գործարանը «մանրից» վաճառելով` Շահգալդյանը կա՛մ ընտրությունների համար գումար է հավաքում, կա՛մ էլ գիտի գլխի գալիքը եւ շտապում է օր առաջ ազատվել այն ամենից, ինչից դեռ կարող է»,- գրել էին նրանք: