«ԱրՔա» համակարգում առկա խնդիրների պատճառով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների մարման անհնարինության դեպքերի առկայության դեպքում  քաղաքացիները կարող են դրանք քննել իրենց սպասարկող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

«Ֆինանսական համակարգը սպասարկող այլ ենթակառուցվածքները աշխատում են բնականոն հունով, միջբանկային ծառայությունների մատուցման ընդհատումներ չեն արձանագրվել»,– նշեցին ԿԲ–ից;

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 29–ին,  ժամը 11:46-ից սկսած «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։

«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար։

Նշվում է, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով»,– նշված է համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 23–ին ևս նմանատիպ խնդիր էր առաջացել եւ քաղաքացիները  չէին կարողանում բանկային օնլայն հավելվածներով փոխանցումներ, գործանքներ կատարել։