Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 19-ին, հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:

Զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարեւորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ, թեեւ վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոշ ուղղություններում դեռեւս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: