Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով։ Տեսարժան վայրերը ոչ միշտ են հարյուրամյակների պատմություններ ունենում, դրանցից որոշները ընդամենը տարիներ առաջ են ստեղծվել, սակայն հասցրել են դառնալ քաղաքի այցեքարտերը։

Փոքրիկ քաղաքի սրտում՝ Թատերական հրապարակի հարևանությամբ աչքի է զարնում տրամվայի դեղին վագոնը։ Շուրջ մեկ դար առաջ նույնանման տրամվայով էին քաղաքով երթևեկում վիբորգցիները, իսկ այսօր նրանց երեխաների, թոռների ու ծոռների համար դեղին վագոնը քաղաքի ամենավառ անկյուններից մեկն է ու սուրճ խմելու կոլորիտային վայրերից մեկը։

Տրամվայի վագոնից բացի հուշարձանը ներառում է երկու բրոնզե արձան՝ առանց տոմսի տղան և վագոնավարը։ Արձանների որոշ հատվածներ արդեն գունաթափվել են. Վիբորգում մի հայտնի ավանդույթ կա՝ երազանքներն ու նպատակները կարող են իրականանալ, եթե վագոն–սրճարան այցելելիս շոյես արձաններից մեկի քիթը։

«2018 թվականին, երբ որոշվեց, որ Վիբորգը պետք է դառնա զբոսաշրջային քաղաք, գաղափար առաջացավ մի հուշարձան ստեղծել, որը քաղաքն ավելի հետաքրքիր կդարձներ այցելուների համար։ Որոշվեց ստեղծել հուշարձան՝ նվիրված տրամվային, որը քաղաքում գործել է 1912-1957 թվականներին։ Հուշարձանի բացումը շատ բուռն ու ջերմ արձագանքների արժանացավ քաղաքացիների կողմից»,–«Մշակութային երկխոսություն» 19-րդ մեդիաֆորումի շրջանակում Վիբորգում կազմակերպված մեդիատուրի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմում է վագոն–սրճարանի հիմնադիր Ալեքսանդր Նիստորովիչը՝ նշելով, որ արձանների հեղինակը քանդակագործ Սերգեյ Աստանովն է։

Հուշարձանը տեղադրված է Վիբորգի տրամվայի նախկին դեպոյից վերցված պատմական ռելսերի վրա։ Վիբորգյան տրամվայի մասին անգամ գիրք կա հրատարակված, որտեղ հեղինակը՝ շվեյցարացի Պեր Ռիկխեդենը, ներկայացնում է, թե ինչպես ֆիննա–սովետական Վիբորգում հայտնվեց Լենինգրադի մարզի առաջին էլեկտրական տրամվայը, ինչու մի քանի անգամ այն դադարեցրեց իր գործունեությունը, 45 տարվա ընթացքում տեղի ունեցած միակ ողբերգական վթարի ու ուշագրավ դրվագների մասին։
Հեղինակ՝ Մերի Հակոբյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի





























