ԱՄՆ Սենատը հետաձգել է ցանցահենության դեմ պայքարին ուղղված օրինագծի քվեարկությունը: «Վերջին իրադարձությունների լույսի ներքո» հունվարի 20-ին  նման որոշում է կայացրել Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդը:

PIPA-ի (Protect Intellectual Property Act) քվեարկությունը պետք է կայանար 24-ին: Օրինագծի քվեարկությունը հետաձգելու մասին Ռիդին կոչ էր արել նաեւ հանրապետական փոքրամասնության առաջնորդ Մաքքոնելը: Հասարակության ճնշման ներքո Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ եւս հրաժարվել են  աջակցել օրինագծին:

Հիշեցնենք, որ օրինագծի ընդունման դեմ լայնածավալ արշավ էր սկսվել համացանցում: Google  կորպորացիան հավաքել էր մի քանի միլիոն ստորագրություն` Կոնգրեսի ստորին պալատում գտնվող նմանատիպ փաստաթուղթը`  SOPA-ն (Stop Online Piracy Act) չընդունելու դեմ: Օրինագծի դեմ էին հանդես եկել նաեւ խոշորագույն կայքերը` ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը եւ Wikipedia-ն:

Հայտարարելով քվեարկության հետաձգման մասին` Ռիդը հույս է հայտնել, որ հասարակությանը կհաջողվի փոխզիջման հասնել օրինագծի հարցում: «Ցանցահենության արդյունքում  ամերիկյան տնտեսությունը տարեկան կորցնում է միլիարդավոր դոլարներ, հազարավոր մարդիկ զրկվում են  աշխատանքից»,-հիշեցրել է սենատորը,  հաղորդում է BBC-ն: