Գիտնականները, որոնք H5N1 թռչնագրիպի առավել վտանգավոր տարատեսակներից էին հայտնաբերել, դադարեցրել են դրա ուսումնասիրությունը` վախենալով, որ դրանից կարող են օգտվել կենսահաբեկիչները: Աշխատանքները 60 օրով դադարեցնելու մասին գիտնականները հայտարարել են գիտական Science եւ Nature միջազգային ամսագրերում տպագրված բաց նամակով: Առաջիկա երկու ամիսներին գիտական հանրությունը եւ աշխարհի տարբեր երկրների կառավարությունները պետք է քննարկեն հետազոտությունների անվտանգ շարունակության հարցը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությանն առընթեր կենսաբանական անվտանգության ազգային գիտխորհուրդը դիմել է Science եւ Nature ամսագրերին` խնդրելով չհրապարակել գիտական աշխատանքի արդյունքները, որպեսզի այդ տեղեկություննեը չօգտագործվեն ահաբեկիչների կողմից մահացու վարակ ստեղծելու համար:

H5N1 վարակը ախտահարում է թռչուններին  եւ  շատ վտանգավոր է մարդկանց համար, ովքեր դրա դեմ դիմադրողականություն չունեն: Գրիպի այդ տեսակից մահացության դեպքերն այնքան էլ շատ չեն, բայց եթե այն փոփոխություն կրի եւ սկսի տարածվել մարդկանց շրջանում, դա կհանգեցնի համաճարակի, որի հետեւանքներն աղետալի կլինեն:

Գրիպի սովորական վարակից մահացության քանակը կազմում է 0,03 տոկոսը, թռչնագրիպի դեպքում այն գերազանցում է 50 տոկոսը:

Գիտնականները H5N1 վարակի տարատեսակ էին ստեղծել, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: փորձերը կատարվել են առնետների վրա, քանի որ վարակը մահացու է:

Ըստ գիտնականների` չափազանց կարեւոր է պարզել, թե գրիպի փոփոխություններն ինչպես են այն մարդուց մարդուն փոխանցվելու ունակ դարձնում: Նրանց կարծիքով, H5N1 մարդուց մարդուն փոխանցվելու համար մեկից երեք մուտացիոն փոփոխություններ են անհրաժեշտ: