Ֆրանսիան մտադիր է Նապոլեոն Բոնապարտի պատվին ժամանցային այգի հիմնել: Ընդ որում,  ֆրանսիական «Նապոլեոնլենդը» նախատեսվում է, որ կդառնա  «Դիսնեյլենդի»

մրցակիցը: Ըստ նախնական հաշվարկների` նրա կառուցման համար կպահանջվի 180 միլիոն եվրո:

Զվարճանքների այգին գտնվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնթրո փոքր քաղաքում, որտեղ 1814 թվականին տեղի է ունեցել Նապոլեոնի բանակի հաղթական մարտը ռուս-ավստրիական բանակի դեմ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Telegraph թերթը:

Այգում կվերստեղծվի 1815 թվականին Վաթեռլոյի մարտի պատկերը, որի ժամանակ դուքս Վելինգտոնը վերջ է տվել Նապոլեոնի իշխանությանը: Եւ, իհարկե, չեն շրջանցի Աուստերլիցի ճակատամարտը, որտեղ հրամանատարը ջախջախել էր ռուս-ավստրիական զորքերը:

Այցելուները նաեւ կարող են մասնակցություն ունենալ ջրային շոուին, որը ներկայացնելու է 1805 թվականի Թրաֆալգարյան մարտի տեսարանը, որի ժամանակ ծովակալ Հորացիո Նելսոնը ջախջախել է միացյալ ֆրանս-իսպանական նավատորմը: Ըստ ֆրանսիական նախկին նախարար եւ պատմության սիրահար Իվ Ժեգոյի, որին էլ պատկանում է  «Նապոլեոնլենդի» կառուցման գաղափարը, «զվարճանքների այգին կատարյալ տեղ կլինի ընտանեկան հանգստի համար»: Նա հայտարարել է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2014 թվականին, եւ 3 տարի անց այգին իր դռները կբացի այցելուների առջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: