Մենք արձանագրել ենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագիրը հաստատել է կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքները, որոնց հիման վրա նախատեսվում է կառուցել երկու հանրապետությունների միջև հաղորդակցություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սրանք հենց այն հիմնարար դրույթներն են, որոնք համաձայնեցվել են Վաշինգտոնի համաձայնագրերից երկու տարի առաջ՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

Մենք մանրամասներ չունենք, այսպես կոչված, Թրամփի ճանապարհի վերաբերյալ։ Ինչքան մենք հասկանում ենք, մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։

Արդեն նշված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում իրականում հնարավոր եղավ կոնկրետ համաձայնությունների հասնել Հայաստանի Սյունիքի մարզով երկաթուղային տարանցման վերաբերյալ, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային հսկողության համակարգերի, մասնավորապես՝ նավիգացիոն կնիքների կիրառման վերաբերյալ։

Դրանց կիրառումը այժմ ակտիվորեն փորձարկվում է մեր երկկողմ առևտրում՝ ապրանքների տեղափոխման արագացման համար։ Հետևաբար, հաշվի առնելով ԵԱՏՄ-ի մեզ և Հայաստանի համար ընդհանուր տարածքը, արտատարածքային ռեժիմը չէր կարող դիտարկվել նույնիսկ զուտ տեսականորեն։ Մենք տեսնում ենք, թե որքան կեղծ տեղեկատվություն է նետվում։ Կարծում եմ, որ սա ուղղված է Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի վարկաբեկմանը և իրականության հետ որևէ կապ չունի», - հավելեց Զախարովան։