Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ ԱՄՆ-ում հիացական բացականչությունները փոխարինվել են թերահավատ գնահատականներով՝ փաստաթղթի հրապարակումից հետո, դրա տեքստում շատ բաներ համաձայնեցված չեն եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև, հաղորդում է TASS-ը։
Նա հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին պայմանավորվածությունները ձևավորվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագրից։
«Որոշեցին այն կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Դա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է,- նկատել է ՌԴ ԱԳ նախարարը,- բայց պետք է տեսնել, թե ինչպես այն (պայմանավորվածությունը) կաշխատի, քանի որ բոլոր հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, հետո ինչ-որ կերպ փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց»։ «Եվ ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- ուշադրություն է հրավիրել Լավրովը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները համապատասխանում են արտաքին քաղաքականության այն ժանրին, որի դեպքում «պետք է ինչ-որ դրական բան անել և խաղարկել դա տեղեկատվական դաշտում»։ «Ես կարծում եմ, որ նման մեթոդը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց եթե դրան ոչինչ չհետևի, ապա դա պարզապես կմնա որպես նման պոռթկում, իսկ մենք շահագրգռված ենք, որ իրական խաղաղության պայմանագիր կնքվի», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։





























