Կանայք բանակում ներգրավվել են մոտ յոթ-ութ տարի առաջ, բայց այդ գործընթացը նոր թափ է առել 2019-2020 թվականից, երբ ստեղծվեց կանանց գումարտակը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ Հանրային Խորհրդի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանը։
« ներկայումս բանակի ղեկավարությունը բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում ու մեծ ներուժ է փորձում ներդնել, որպեսզի հաջողի կանանց ներգրավվածությունը բանակում, բայց միևնույն ժամանակ կա հսկայական խնդիր ուժային կառույցներում կանանց ներգրավվածության հարցում հասարակության ընկալման հետ կապված, ինչպես նաև նույն ուժային կառույցներում կա խնդիր այդ ընկալումների հետ կապված։
Կա շատ մեծ խնդիր կենցաղային պայմանների հետ կապված։ Այստեղ բոլորը նշում են հանդերձանքի խնդիրը, բայց ավելի շատ ոչ թե հանդերձանքի խնդիրը, այլ նրանց պրոֆեսիոնալ ամունիցիայի խնդիրը։ Օրինակ, ես բանակում դեռ չեմ հանդիպել զրահաբաճկոն, որը նախատեսված է հենց կանանց համար, հղիության մասին ընդհանրապես խոսք չկա։ Նույնը զենքերի հարմարության, կոշիկների հետ կապված։ Իմիջիայլոց, բանակում կոշիկները անհարմար են նաև տղամարդկանց համար։
Իհարկե, պետք է կանանց և տղամարդկանց սկանդարտները տարբերվեն։ Միջազգային փորձը ուսումնասիրելով, կանանց ներգրավվածությունը ապահովում է ունիվերսալություն, էֆեկտիվություն, բայց ցավոք նույն, օրինակ, Միացյալ թագավորությունում կանանց ներգրավվածությունը ավելի քիչ է բանակում, քան Հայաստանում, ինչը շատ զարմանալի է։ 2021 թվի տվյալներով մոտավորապես 11% է եղել կանանց թիվը Բրիտանիայի զինված ուժերում, Հայաստանում այդ տոկոսը մի քիչ ավել է»,–ասաց նա։
Ղազարյանի նկատեց, որ ի տարբերություն Բրիտանիայի և այլ երկրների, Հայաստանում կա միշտ անմիջական հակամարտության մեջ մտնելու խնդիրը մի հարևանի հետ, որը հումանիստական արժեքներով չի փայլում։ Նա հիշեցրեց դեպքը, երբ Ադրբեջանի զինուժը դիրքը գրավելով ցուցադրաբար խոշտանգել էր հայ կնոջը։ «Դա էլ է խոչընդոտ, որ կանայք, հասկանալով, որ, օրինակ, գերեվարվելու պարագայում առանձին խոշտանգումների են ենթարկվելու, զգուշանում են մարտական ծառայությանը մասնակցել։
Ինչևէ ես գտնում եմ որ Հայաստանի նման փոքր մարդկային ռեսուրս ունեցող պետությունում, կանանց դերը զինված ուժերում և ուժային կառույցներում պետք է լինի ոչ պակաս, քան տղամարդունը, որովհետև դա ռեսուրսների կառավարման խնդիր է։ Մեր մինչքրիստոնեական տրադիցիաների մեջ կանանց դերը միշտ եղել է հավասար, նույնիսկ մեր լեզվի մեջ չկա սեռերի տարբերություն։ Կանայք եղել են ռազմիկներ, ունեցել ենք կանանց գումարտակներ և այլն։ Բայց չգիտես ինչու, ժամանակի ընթացքում մենք փոխանակ գնանք եվրոպական մոդելով, ընտրել ենք հասարակության գենդերային ասիական մոդելը, որտեղ կնոջը պետք է փաթաթես, հաքցնես ու կինը ոչինչ չպիտի անի բացի երեխա ունենալուց։
Բայց կրկնեմ, Հայաստանի նման քիչ ռեսուրսներ ունեցող պետությունը չի կարող իրեն թույլ տալ, վերաբերվել կանանց, ոնց որ ասենք Տաջիկստանը կամ Ուզբեկստանը»,– ընդգծեց նա։
Վազգեն Ղազարյանը նկատեց, որ անգամ պարեկային ծառայությունում կանանց տոկոսի բարձրացման արդյունքում աճել է կարգապահությունը, կոռուպցիայի ընկալման մակարդակը բավականին ընկել է։





























