Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հարաբերությունները շատ պաշտոնական են. նույնիսկ առանձին մտերմիկ երկխոսություն էլ չեն ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն` արձագանքելով մամուլում հրապարկված այն լուրերին, թե վերջինս իր հողամշակման եւ գյուղատնտեսական բիզնեսը որոշել է տեղափոխել այլ հարթություն: Արարատի մարզում 3750 քմ հողատարածքում պատգամավորը մտադիր է հիմնել փայտամշակման արտադրամաս, իսկ փայտը էժան գներով գնելու է Թեղուտից, որտեղ այս պահին առկա են կտրված ծառերից ստացված հսկայական կուտակումներ: Իսկ իր այս ձեռնարկման հարցում ֆինանսական եւ վարչական աջակցություն է խոստացել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դա պարզապես հիմարություն է: Պարզապես բռնելու տեղ էլ չկա: Ինչպես նշեցի իմ եւ վարչապետի հարաբերությունները պաշտոնական մակարդակի վրա են: Իսկ փայտամշակման արտադրամասի հետ կապված լուրերը աբսուրդ են :Չեմ էլ կարողանում գտնել, թե նման բան գրելու նպատակը ո՞րն է»,- նշեց ԱԺ պատգամավորը: Նա նաեւ նկատեց, որ բիզնես սկսելու ոչ մտադրություն, ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունի, ապա հավելեց. «Եթե մեր ընտանիքին պատկանող 3 հեկտար հողատարծքում ծիրանի ծառեր ունենալը բիզնես է, ուրեմն ունենք: Ի դեպ, դա մեր 3 եղբոր սեփականաշնորհած հողն է Արարատի մարզի Արարատ գյուղում: Ավելին` դա դեռեւս եկամուտ էլ չի տալիս, որովհետեւ ծիրանի ծառերը դեռ փոքր են եւ նոր են մեծանում: Հետեւաբար` ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը»:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր առաջադրման հնարավորությանը, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ես մեծամասնականով առաջադրվելու որեւէ ցանկություն չունեմ, իսկ ցուցակում դա կուսակցությունն է որոշում, որեւէ մեկս դրան չի մասնակցում, չի առաջարկում: Ներկա պահին դեռ նման հարց չի քննարկվել»:



























