ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչների տներ մարդիկ է ուղարկել, որպեսզի գրանցեն նրանց անձնագրային տվյալները: «Ես տեղյակ չեմ, Հայաստանում չեմ, Վրաստանում եմ, վաղն եմ գալու»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով նրա առաջադրմանը, նա նշեց, որ կառաջադրվի, եթե համայնքի ժողովուրդը դա ուզի: Իսկ ժողովուրդը ցանկանո՞ւմ է, որ Սամվել Ալեքսանյանն առաջադրվի, հարցին ի պատասխան էլ խորհուրդ տվեց դա պարզել ժողովրդից:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե հունվարի 22-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ: «Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պարզաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը: Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային տվյալները: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ գործընթացի հետեւում կանգնած է այդ ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ)»,- գրել էր թերթերից մեկը:




























