Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը պատրաստ է առաջիկա ընտրություններում իր տեղը զիջել, եթե հայտնվի իրենից ավելի արժանի մեկը:

«Եթե կզգամ, որ կա ավելի լավ մարդ, որին ժողովուրդը կընտրի եւ ավելի պիտանի կլինի օրենսդրական դաշտում`խնդրեմ: Բայց, եթե կհայտնվեն մարդիկ որոնք կուզենան, պարզապես, օգտագործել այս դաշտը ուրիշ մտքերի համար` դա չի լինելու: Դա հաստատ եմ ասում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Զոհրաբ Զոհրաբյանը, ով նաեւ նախընտրական զարգացումների ու հնարավոր սադրանքների վերաբերյալ պատասխանեց եւս մի քանի հարցերի:

Պարոն Զոհրաբյան թիվ 4 ընտրատարածքում կրկին առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:

Հենց այս պահին դրա վրա եմ աշխատում: Երեւի, մի քիչ շուտ է դրա պատասխանը տալու համար, բայց այսպես ասեմ հավանականությունը 50/50 է:

Ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀԿ-ն ձեր առաջադրման հավանականությունը եւս 50/50 է համարում, պատճառաբանելով, որ նախագահը «դաբրոն» ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանն է վայելում:

Ինչ կապ ունի այդ ամենը, եթե մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Ով կուզի կառաջադրվի, «դաբրոն» ի՞նչ կապ ունի: Նախագահը ոչ մեկին երբեւէ «դաբրո» չի տվել, նա բացարձակապես «դաբրո» տվող անձ չի: Նախագահը համար մեկ սինվոլն է, խորհրդանիշը: Կամ ինչո՞ւ եք միայն Արտակ Սարգսյանի վրա ֆիքսվել: Այնքան մարդիկ են ցանկանում առաջադրվել, օրինակ` իմ շատ լավ բարեկամ ու ընկեր Գուրգեն Արսենյանը: Էլի շատերը կան, որոնց անունները ձեզ եւ հանրությանը բան չեն ասի:

Իսկ ինչո՞ւ այդպես էլ չցանկացաք անդամագրվել ՀՀԿ-ին: Այդ հանգամանքն էլ ավելի չէ՞ր ամրապնդի Ձեր դիրքերը:

Ես գտել եմ, որ դեռ պատրաստ չեմ որեւէ կուսակցության անդամ լինել: Բայց իմ անունը կմնա պատմության մեջ, որովհետեւ ես իմ հոր որդին եմ: Ավելին` անկախ կուսակցական պատկանելիությունից, նախարար, պատգամավոր կամ չգիտեմ հավաքարար լինելուց մարդը պետք է նախ եւ առաջ մնա մարդ:

Պարզապես նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն էր Ձեզ մեծամասնականով առաջադրել:

Չէ ես առաջադրվել էի որպես անկուսակցական, պարզապես ՀՀԿ-ն ինձ որպես համակիր էր ընդունել եւ ստացվեց այնպես, որ ես խմբակցություն մտա:

Իսկ ներկա պահին շարունակո՞ւմ եք կուսակցության համակիրը մնալ, թե` ոչ:

Իհարկե, մնում եմ:

Եթե կուսակցական չեք, հնարավո՞ր է, որ այլ կուսակցության կողմից առաջադրվեք: Նման առաջարկություններ, քննարկումներ կա՞ն, թե` ոչ:

Եթե ես դառնամ որեւէ կուսակցության անդամ, նոր նման հարցեր կքննարկվեն: Հնարավոր է կուսակցություններ լինեն, որ ցանկանան իմ ներկայությունը իրենց շարքերում լինի, բայց դեռ նման առաջարկություն չեմ ստացել: Ես դեռեւս ՀՀԿ խմբակցության անդամ եմ եւ մինչեւ պաշտոնական առաջադրումների ժամանակը չսկսի, ես ոչինչ չեմ կարող ասել: Այնքան բան կարող է փոխվել այս երկրում: Ամեն օր կարող է բան փոխվել:

Ինքներդ փորձե՞լ եք խոսել ՀՀԿ-ի ղեկավարության հետ, հասկանալու համար, թե ճի՞շտ են Արտակ Սարգսյանին պաշտպանելու մասին խոսակցությունները:

Ես կարծում եմ, որ նման բան դեռ վերին օղակներում չի խոստացվել, որեւէ մեկի հետ կապված: Գուցե ներքին օղակներում ոմանք ցանկանում են իրենց ապագա առաջադրման հարցերը լուծել: Ես բացարձակապես դրա կարիքը չունեմ, որովհետեւ ինձ որեւէ մեկի հովանավորությունը բացարձակապես պետք չի եկել այս երկրում: Հովանավորությունների ժամանակաշրջանն արդեն անցել է: Անկախ մարդիկ ենք բոլորս: Միգուցե, եթե ես լինեի ՀՀԿ-ի շարքերում, որեւէ խնդիր չունենայի, բայց ես ինքս անկախ մարդ եմ եւ կարող եմ իմ ինքնուրույն որոշումները կայացնել:

Իսկ ՀՀԿ-ի աջակցությունը զգացե՞լ եք Ձեր գործունեության ընթացքում:

Միայն ու միայն օրենսդրական աշխատանքով ենք փորձել օգտակար լինել: Իհարկե, ես խոստովանում եմ, որ բարձր ամբիոնից ընդհանրապես չեմ խոսել, բայց դա կարեւոր չէ: Ես էլ իմ աշխատանքն եմ արել իմ ժողովրդի համար:

Ձեր նախորդ ընտրապայքարի ժամանակ նշում էիք, որ ցանկանում եք արաբկիրցիներին ծանոթացնել «լավ» բառի հետ կապված բոլոր լավ բաների հետ: Ձեզ հաջողվե՞ց գրավել ընտրողներին:

Արել եմ ու անելու եմ եւ դա արել եմ 16 տարեկանից սկսած: Հետ չեմ կանգնելու իմ խոսքից, անկախ իմ վիճակից, դիրքից ու պաշտոնից: Առաջին հերթին արաբկիրցիների համար, Արաբկիրի համար, որովհետեւ դա որեւէ մեկի խնդրանքով եւ միջնորդությամբ չի եղել իմ կյանքում:

Իսկ անձամբ Արտակ Սարգսյանի հետ հանդիպել զրուցե՞լ եք թեկնածություն առաջադրելու թեմայով:

Այո, եթե հիշում եք վերջերս լրատվամիջոցներով գրեցին, որ «Արքայաձորում» կռիվներ է եղել: Մենք այնտեղ հանդիպել ենք, շատ ջերմ ու բարի մթնոլորտում եւ ոչ մի այլ բան: Առաջադրման հետ կապված բացարձակապես խոսակցություններ չեն եղել: Դեռ 3 ամիս կա պաշտոնական առաջադրմանը: Ինքնագովազդով երբեք չեմ զբաղվել, կգա ժամանակը բոլորն էլ կիմանան ինչն ինչոց է: Ես դեռ ժողովրդի հետ եմ աշխատում: Փորձում եմ հասկանալ, որ այն վստահության քվեն, որն ունեցել եմ, պահպանվե՞լ է, թե` ոչ: Եթե չի պահպանվել, չեմ առաջադրվի, եթե անգամ աշխարհի ամենաուժեղ քաղաքական գործիչը եւ ինձ ամենամտերիմ բարեկամը շատ խնդրի:

Իսկ հանձինս Արտակ Սարգսյանի, տեսնո՞ւմ եք այն մարդուն, որին կզիջեիք Ձեր դիրքը:

Բայց ինչո՞ւ ես պետք է զիջեմ իմ դիրքերը: Ես կարծում եմ, որ Արտակ Սարգսյանը վատ համբավ չունի, նա նախկինում ԱԺ պատգամավոր եղել է, փորձեր էլ է ունեցել նորից ընտրվելու, բայց չի ստացվել: Հիմա կյանք է ամեն ինչ էլ կարող է ստացվի: Իմ ուզելով-չուզելով չի, եթե ուզում է մասնակցել, թող մասնակցի: Ավելի լավ ինչքան շատ լավ մարդ մասնակցի այնքան հետաքրքիր կլինի ընտրությունները ժողովրդի համար: 2007թ-ին թիվ 4 ընտրատարածքում բավականին շատ կուսակցությունների անդամներ կային, որոնք բավականին լուրջ քաղաքական դեմքեր են համարվում, բայց փորձը ցույց տվեց, որ ժողովուրդն ընտրում է այն մարդուն, ում ընդունում, հարգում ու սիրում է:

Ձեր գխավոր զենքը, հաղթաթուղթը ո՞րն է լինելու այս ընտրապայքարում:

Դա մարդկանց հետ շփումն է, ինչ-որ բանով օգտակար լինելը: Իսկ երբ ասվում է, որ այս պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններ չեն ներկայացրել դա բնավ չի նշանակում, որ այդ գործընթացին չեն մասնակցել:

Արքայաձորի հետ կապված նշեցիք, որ որեւէ մասնակցություն չեք ունեցել այդ միջադեպին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ դա միտումնավոր է արվել արհեստական լարվածություն ստեղծելու, տրամադրվածություններին ծանոթանալու համար:

Իհարկե: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք բոլորս այնտեղ էինք եւ ընդամենը շեշտվեց երեք մարդու անուն ազգանուն: Բավականին ճանաչված եւ շատ արաբկիրցիներ կային, բայց շեշտվեց միայն իմ, հարգարժան քաղաքապետի եւ մեր վարչական շրջանի ղեկավարի Հրայր Անտոնյանի անունները: Այս անգամ բախտներս բերեց նրանով, որ մենք դուրս էինք եկել: Հետեւաբար` չեմ կարող ասել, այնտեղ վիճաբանություն եղե՞լ է, թե` ոչ: Մեր այնտեղ եղած ժամանակ ոչ մի վիճաբանություն չի եղել, միայն ջերմ տրամադրություն եւ շնորհավորանքներ:

Ամեն դեպքում, իրականություն լինի, թե սադրանք, փաստն այն է, որ ձեզանից հետո միջադեպ եղել է:

Սադրիչների երկրում ենք ապրում, ինչպե՞ս կարող է սադրիչ չլինել: Որտե՞ղ մեկը մյուսի ոտքի տակ չի փորում: Ցավոք սրտի մեր պաշտոնյաների մոտ էլ նման խնդիր կա, իրենք չգիտեն, ում վստահեն, ում հետ ոնց աշխատեն: Սխալ ընտրությունը շատ ծանր է անդրադառնում մեր երկրի քաղաքականության վրա: Եթե անգամ սխալ քայլ կատարող մարդիկ չպատժվեն, մեկ է, Աստված իրենց կպատժի:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը