Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Բեռնար Անրի Լեւին «Nouvelles d`Arménie»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընդունել Սենատում Ցեղասպանությունների ժխտման օրինագծի ընդունման փաստը:

«Մեծագույն ուրախություն ապրեցի: Վերջին օրերին ես մտավախություն ունեի, քանի որ թուրքերը մեծ ճնշում էին գործադրում: Պատմաբանների խումբը, Բադենտերը, սենատորները նախորդ շաբաթ ապշեցրին ինձ այն տագնապով, որ առաջացրել էր այդ արշավը: Նրանք իհարկե վստահ էին, սակայն մտահոգություն կար: Ես նույնպես նրանց մոտից հեռացա անհասկանալի վախով, մտավախությամբ: Անհրաժեշտ էր մինչեւ վերջ պահպանել հավաքվածությունը»,- ասել է Բեռնար Անրի Լեւին:

Ֆրանսիացի գրողի համար հանելուկային է որոշ ԶԼՄ-ների թշնամական ու ագրեսիվ արձագանքը օրենքի ընդունմանը, իսկ թուրքերից ակնկալում է հաշտություն սեփական անցյալի հետ: 

«Լրատվամիջոցների եւ որոշ մարդկանց թշնամական եւ ագրեսիվ վերաբերմունքը հանելուկային է: Իսկ թուրքերի համար ավելի հեշտ կլիներ շրջել պատմության այդ էջը, կատաղության փոխարեն սգալ եւ դուրս մղել այն սարսափը, որ ապրում են սեփական ինքնությունն ու ապագան արգելափակող  հիշողությունից: Բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, հասարակ մարդիկ հասկանում են այդ ամենը: Սակայն նրանք նախկինի նման փոքրամասնություն են, եւ դա տագնապ է հարուցում: Իսկ օրենքի հակառակորդ ֆրանսիական լոբբիի առկայությունն ավելի տարօրինակ է: Կարծիք ունենալ եւ արտահայտելը մի բան է, անբարեխիղճ քարոզարշավը մեկ այլ բան է: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու էին Պյեր Նորայի նման հարգարժան պատմաբանը եւ մյուսներն այդքան կրքոտ պայքարում օրենքի ընդունման դեմ: Ես ակնկալում եմ, որ օրենքը թույլ կտա պատմաբաններին աշխատել հանգիստ պայմաններում, առանց ճնշման եւ աղավաղումների: Ժխտումը ուղեղների իրական աղտոտում է: Ֆրանսիայում կլիման փոխվել է»,- ասել է Բեռնար Անրի Լեւին: