Եվրոպայում բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է, ինչը ազդում է անվտանգության և տնտեսության վրա և արդեն իսկ հանգեցրել է 162 միլիարդ եվրոյի կորստի՝ 2021-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) զեկույցում։
«Եվրոպան աշխարհում գլոբալ տաքացման ամենաարագ տեմպերն ունեցող մայրցամաքն է, իսկ եվրոպական կլիման փոխվում է սարսափելի արագությամբ, ինչը սպառնում է անվտանգությանը, բնակչության առողջությանը, էկոհամակարգերին, ենթակառուցվածքներին և տնտեսությանը։ Ծայրահեղ եղանակային և կլիմայական երևույթները 2000-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում Եվրամիությանը մոտ 738 միլիարդ եվրոյի տնտեսական կորուստներ են
Հետազոտության հեղինակները նաև նշել են, որ 2020-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածի կորուստները 2.5 անգամ գերազանցել են նախորդ ողջ տասնամյակի կորուստները։ Այսպես, Սլովենիայում 2023 թվականի ջրհեղեղները հանգեցրել են ՀՆԱ-ի 16% անկման։ Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի տվյալների՝ եվրոպական ապրանքների և ծառայությունների արտադրողների 72%-ը կախված է բնական բարիքների օգտագործումից։ Financial Times թերթը մեջբերում է EEA-ի գործադիր տնօրենի խոսքերը, ըստ որոնց՝ կլիմայական խնդիրները լրջորեն սպառնում են «Եվրոպայում մրցունակությանը, բարգավաճմանը, անվտանգությանը և կյանքի որակին»։
Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում արտադրության և սպառման հետևանքով ցամաքային և ջրային էկոհամակարգերում նվազում է կենսաբազմազանությունը։ Հողերի մինչև 70%-ը ենթարկվում է դեգրադացիայի, իսկ մայրցամաքի ջրամբարների 62%-ը գտնվում է անբավարար բնապահպանական վիճակում։ Միաժամանակ, զեկույցում բերված տվյալների համաձայն, ԵՄ-ում կլիմայական փոփոխությունների տեմպերը դանդաղեցնելու համար 2030 թվականին դրված նպատակների մեծ մասը հնարավոր չի լինի իրագործել։
Հետազոտողները կարծում են, որ աշխարհում բնապահպանական իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին զգալիորեն կրճատել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը։ Նշվում է, որ մինչև 2100 թվականը գազերի արտանետումների և մթնոլորտից դրանց կլանման միջև հաշվեկշիռը պետք է հավասար լինի զրոյի։ Ավելի վաղ հաղորդվել է, որ 2014-2023 թվականներին դիտարկված համաշխարհային գլոբալ տաքացումը միջինում կազմել է 1.19 աստիճան ըստ Ցելսիուսի և այն պայմանավորված է եղել մարդու գործունեությամբ։ Վերջին տասնամյակում տաքացման արագացման տեմպերը դարձել են աննախադեպ՝ 2014-2023 թվականներին հասնելով 0.26 աստիճան ըստ Ցելսիուսի։ Դրա պատճառների շարքում գիտնականները նշում են ջերմոցային գազերի արտանետումների բարձր մակարդակի պահպանումը, ինչպես նաև աերոզոլային սառեցման ուժի նվազումը։





























