ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարելի նման օրենք կիրառել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելուն, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13–ին, կառավարության շենքի դիմաց  բեռնափոխադրողների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Նրա խոսքով, ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ նրա,  չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորներ փոխաադրող վարորդներին։

Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետը հայտնեց, որ իր ձեռքի տակ կա 15 վարորդի փաստաթուղթ, որոնք 5 տարով զրկվել են ՌԴ մուտք գործել, բայց կան 74 անձինք, որոնք ՌԴ վերահսկվող անձանց ռեեստրում են գրանցված։

Բեժանյանը հայտնեց, որ արդեն մեկ օր է խնդիրը բարձրացրել է, բայց ՀՀ իշխանությունները բավարար աշխատանք չեն տարել, դանդաղել են. «Ես Մոսկվա պետք է գնամ-գամ 10 օրում, բայց ես 11 օր անցկացնում եմ ՌԴ-ի կողմից Վերին Լարսում հերթի մեջ»,-հայտնեց վարորդներից մեկը՝ Ռազմիկ Կվարգիզյանը՝ հավելելով, որ այդ պատճառով լրանում է ՌԴ-ում գտնվելու 90 օրը, որից կեսը կորցնում են հերթի մեջ։

Նա ասաց, որ եթե հերթը չհաշվեն, ապա սահմանված օրերի չափաքանակը միգուցե կհերիքի վարորդներին։