Հոկտեմբերի 17-ի առավոտյան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի բազմահարկ բնակելի շենքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, առնվազն երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, տեղեկացրել է News.ro-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Բուխարեստի Ռահովա թաղամասի 5-րդ հատվածի ինը հարկանի շենքի վեցերորդ կամ յոթերորդ հարկում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
Վնասված շենքի լուսանկարները ցույց են տալիս, որ պայթյունի էպիկենտրոնում արտաքին պատերը եւ միջհարկային ծածկը լիովին ավերվել են, առնվազն մի քանի բնակարաններ լուրջ վնասվել են, կոտրվել են հարակից շենքերի պատուհանները։
Տեղեկացվել է երկու զոհի մասին։ Տասնմեկ մարդ ստացել է վնասվածքներ եւ այրվածքներ։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ամենից շատ տուժած հինգ մարդ հոսպիտալացվել է։ Որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Պայթյունից հետո հարեւան բնակարանների տասնյակ բնակիչներ եւ մոտակա ուսումնական հաստատության ուսանողները տարհանվել են։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ տեխնիկայի մոտ երկու տասնյակ միավոր, շտապօգնության եւ այլ հատուկ մեքենաներ։ Վկաները հայտնել են շենքի շուրջ գազի ուժեղ հոտի մասին։





























